Վրաստանի կառավարությունն այսօր խորհրդարանին կներկայացնի բյուջեի վերամշակված տարբերակը
Վրաստանի կառավարությունն այսօր խորհրդարանին կներկայացնի 2022 թվականի պետական բյուջեի վերամշակված տարբերակը։
Ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահի խոսքերով, ի տարբերություն օրինագծի նախնական տարբերակի, կան մի շարք փոփոխություններ, այդ թվում, Իրակլի Կովզանաձեի խոսքով, այս տարի տնտեսական աճի կանխատեսումը 9,5%-ից հասել է 10%-ի և ՀՆԱ-ի անվանական արտահայտությամբ հասնում է 65 մլրդ լարիի։
«Մինչև 2022 թվականը տնտեսական աճը պահպանվում է 6 տոկոսի մակարդակում։ Պակասուրդը նույնպես պահպանվում է 4,4% մակարդակում։ Պետական պարտքը կազմում է 52,2%։ Հետաքրքիր փոփոխություններ կան հատկացումների մասում, և մի շարք ծախսող սուբյեկտների ֆինանսավորման աճ ունենք։ Վերամշակված տարբերակը ներառում է այն դիտողությունների և առաջարկությունների մի մասը, որոնք արտահայտվել են խորհրդարանում նախնական տարբերակի քննարկման ժամանակ»,- ասել է Կովզանաձեն։
Նրա խոսքով, պետբյուջեի օրինագծի վերամշակված տարբերակը մանրամասն կքննարկվի հաջորդ շաբաթ կայանալիք կոմիտեի նիստին։
Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի հաշվետվությունը Վրաստանի կառավարություն կուղարկվի նոյեմբերի 20-ից ոչ ուշ՝ Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում արված դիտողությունների սղագրության հետ միասին։
Վրաստանի կառավարությունը պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը և համապատասխան երկրի հիմնական տվյալների ու ուղղությունների փաստաթղթի լրամշակված տարբերակը Վրաստանի խորհրդարան է ներկայացնելու ոչ ուշ, քան նոյեմբերի 30-ը:
Պետբյուջեի մասին օրինագծի համար Վրաստանի խորհրդարանը կքվեարկի ոչ ուշ, քան դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը։ Պետական բյուջեի մասին օրենքն ընդունվում է Վրաստանի խորհրդարանի լիարժեք կազմի մեծամասնությամբ՝ մեկ ընթերցմամբ։