Վրաստանի կառավարությունը հրապարակել է որոշում բուժհաստատություններին 2020-2023 թվականներին կիրառված տուգանքներից ազատելու վերաբերյալ

17:46, 02.05.2025

Վրաստանի կառավարությունը հրապարակել է որոշում, որով 2020-2023 թթ. առողջապահական պետական ծրագրերի շրջանակում կովիդ համավարակի ժամանակ կիրառված տուգանքներից ազատվում են բուժհաստատությունները։

Որոշման տեքստը հրապարակվել է օրենսդրական տեղեկագրում, որտեղ նշվում են այն պայմանները, որոնց դեպքում կլինիկաներին համավարակի ժամանակ կիրառված տուգանքները կզրոյացվեն։ Ըստ որոշման՝ բուժհաստատությունները կազատվեն տուգանքի 75 տոկոսի վճարումից, եթե նրանք մարեն պարտքի 25 տոկոսը և հրաժարվեն տվյալ հարցի շուրջ ընթացող վեճերից։

Մասնավորապես՝ ըստ որոշման, կլինիկան կարող է մասամբ ազատվել տուգանքից, եթե հունիսի 1-ից ոչ ուշ քան 60 օրում՝

ա) մարի արդեն ստացված գումարից վերադարձվելիք գումարի և լրացուցիչ ֆինանսական տուգանքի չափով սահմանված գումարի 25 տոկոսը կամ մատակարարը և իրականացնող կողմը պայմանավորվեն այդ պարտավորության առավելագույնը 12 ամսվա ընթացքում փուլային մարման պայմանների մասին,

բ) դադարեցնի պետական ծրագրերի 22-րդ հոդվածով սահմանված տուգանքների հիման վրա ստացված գումարի վերադարձման կամ լրացուցիչ տուգանքի հետ կապված ցանկացած ընթացող վարչական գործընթաց կամ դատական վեճ իրականացնողի կամ ծրագրի ադմինիստրատորի հետ։

Որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ից։

Հիշեցնենք՝ առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն մայիսի 1-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել էր, որ կլինիկաների ընդհանուր պարտքը կազմում է մոտ 26 միլիոն լարի։

Նմանատիպ