Վրաստանի գյուղերում պատվաստումների արշավ է ընթանում: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ երկրի բոլոր գյուղերում 50 և բարձր տարիքի քաղաքացիները հնարավորություն ունեն պատվաստվել հատուկ կազմակերպված տարածքներում։
Նախարարության տվյալներով՝ նախագծից արդեն օգտվել են Իմերեթիի շրջանում։ Բացի այդ, տեղեկատվական հանդիպումներ են տեղի ունեցել Ճիաթուրայում և Խարագաուլիում տեղի բնակիչների հետ։
«Քարոզարշավի շրջանակներում Ուսախելո և Բերթիսի գյուղերի բնակիչների տեղափոխումը Ճիաթուրայի պատվաստող կետ ապահովել է քաղաքապետարանը։
Խարագաուլիի մունիցիպալիտետում Կիցխի, Վարձիա և Խիդրի գյուղերի բնակիչները տեղում պատվաստվել են Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութով շարժական բրիգադների միջոցով։ Մի մասին տրվել է պատվաստանյութի առաջին դեղաչափ, իսկ մի մասին՝ խթանող դոզա:
Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջանում շարունակվում են հանդիպումները բնակչության հետ՝ պատվաստումների քարոզարշավը և հարակից խրախուսական ծրագրերը մասսայականացնելու նպատակով։
Պատվաստումների հետ կապված տեղեկատվական հանդիպումներ մշտապես անցկացվում են նաև Աջարիայի մարզում։ Հիմնական թիրախը Քոբուլեթիի քաղաքապետարանի Օչխամուրի ավանն է, որտեղ բնակչության պատվաստումները համեմատաբար ցածր են։ Քարոզարշավի շրջանակներում Աջարիայի առողջապահության նախարարը հանդիպել է շրջանի բնակիչների հետ։ Զրույցի հիմնական թեման եղել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի անվտանգությունը։
Վրաստանի Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ «Կովիդ-19» պատվաստանյութի ընդգրկվածությունը համեմատաբար ցածր գյուղերում ակտիվորեն անցկացվում են տեղեկատվական հանդիպումներ բնակչության հետ։ Գյուղական պատվաստումների արշավը նպատակ ունի պատվաստել մարզերում ապրող 50 և բարձր տարիքի բնակչությանը, ինչն իր հերթին նվազեցնում է հիվանդացությունը և զերծ կպահի հնարավոր բարդություններից։
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության որոշմամբ գործում է դրամական խրախուսման ծրագիր, որն առաջին պատվաստման համար կազմում է 200 լարի, իսկ լրացուցիչ, «բուստեր» դոզայով պատվաստման դեպքում՝ 100 լարի։ Ծրագիրը կտևի մինչև փետրվարի վերջ»,- ասված է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։