Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար է նշանակվել Իրակլի Բերաիան
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար է նշանակվել Իրակլի Բերաիան

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի առաջարկությամբ՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի 2025 թվականի ապրիլի 2-ի հրամանով, Իրակլի Բերաիան նշանակվել է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարի պաշտոնում։ Տեղեկությունը տարածում է Ֆինանսների նախարարությունը։

Մինչ այս նշանակումը, Իրակլի Բերաիան զբաղեցնում էր Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

«Իրակլի Բերաիան ծնվել է 1976 թվականի հուլիսի 23-ին։ 1998 թվականին գերազանցությամբ ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2016-2025 թվականներին եղել է Վրաստանի 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարման խորհրդարանի անդամ։ Քաղաքական գործունեությունից առաջ նա հաջող կարիերա է ունեցել բանկային ոլորտում», – նշված է Ֆինանսների նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

Իրակլի Բերաիան այս պաշտոնում փոխարինել է Սոսո Ռամիշվիլիին, ով երեկ լքել է պաշտոնը։