Վրաստանի և Շվեյցարիայի միջև ազատ առևտրի պայմանագիրը գործարկվելու է մայիսի մեկից
Վրաստանի և Շվեյցարիայի միջև ազատ առևտրի պայմանագիրը գործարկվելու է մայիսի մեկին: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է Շվեյցարիայի կառավարության կայքէջում:
Շվեյցարիան երեկ ավարտել է գործընթացները, որոնք անհրաժեշտ են Վրաստանի և Եվրոպայի ազատ առևտրի միության (EFTA) միջև ստորագրված փաստաթուղթը գործարկելու համար:
Շվեյցարիայի կառավարության տեղեկությամբ, փաստաթուղթը կնպաստի երկրների միջև առևտրական կապերի ակտիվացմանը: Օրինակ, զեղչեր կգործեն այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են՝ շվեյցարական պանիրը, կաթնամթերքը և շոկոլադը:
2016 թվականի հունիսի 27-ին ստորագրված փաստաթուղթն արդեն ուժի մեջ է Վրաստանի, Նորվեգիայի և Իսլանդիայի համար: EFTA-ի կայքէջի տվյալներով, մայիսի մեկին պայմանագիրը կգործարկվի Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի նկատմամբ: