Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հուշագիր
Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հուշագիր

Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին հուշագիր է ստորագրվել, այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության մեջ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես ասաց Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը և Հայաստանը միշտ եղել են ռազմավարական բարեկամներ և գործընկերներ, և այդ իրողությունը պաշտոնապես ստորագրվեց այսօր։

«Հատկապես ուզում եմ կարեւորել այսօրվա որոշումը, որի վրա աշխատել ենք վերջին ամիսներին։ Դեռ անցյալ տարվա ամռանը մենք հայտարարել էինք, որ ստորագրելու ենք ռազմավարական համագործակցության հուշագիր։ Ուզում եմ նաև նշել, որ ավանդաբար, պատմականորեն մենք շատ ուժեղ դաշնակիցներ ենք, ընկերներ, ոչ թե պարզապես հարևաններ։ Մենք ունենք շատ լավ գործընկերություն, հարաբերություններ, համագործակցություն բոլոր ուղղություններով և դե ֆակտո, կարելի է ասել, որ մենք արդեն ռազմավարական ընկերներ և ռազմավարական գործընկերներ էինք։ Այսօր, կարելի է ասել, այս իրողությունը, իրավիճակը ֆորմալացվել է, և մենք պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիրը»,- ասել է Ղարիբաշվիլին։