Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև անցկացվել է քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը
Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև անցկացվել է քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը

2024 թվականի մայիսի 13-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը համանախագահում էին Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, կողմերը ողջունել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումից հետո անցկացված առաջին քաղաքական խորհրդակցությունները և նշել երկու երկրների միջև շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը։

«Հանդիպմանը կողմերը քննարկել են երկու երկրների միջև բազմակողմ և դինամիկ քաղաքական օրակարգը։ Գոհունակությամբ նշվել է սերտ համագործակցությունը և ամուր հարաբերությունների հիմքը առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում։ Բացի այդ, նշվել է, որ երկկողմ օրակարգում առաջնահերթ խնդիր է մնալու Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական ​​սահմանի սահմանագծման-սահմանազատման գործընթացը։

Ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասի տարածաշրջանի դինամիկային և տարածաշրջանի վրա գլոբալ գործընթացների հնարավոր ազդեցությանը։ Հանդիպման մասնակիցներն ընդգծել են խաղաղության և կայունության կարևորությունը՝ որպես տարածաշրջանային զարգացման և բարգավաճման անհրաժեշտ պայման։ Այս համատեքստում կողմերը ևս մեկ անգամ իրենց ամուր աջակցությունն են հայտնել երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանի և Հայաստանի դերին խաղաղության և տարածաշրջանային զարգացման, ինչպես նաև եվրոպական արժեքների պաշտպանության գործում։

Կողմերը ևս մեկ անգամ նշել են, որ Վրաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն աշխարհագրական մոտիկությամբ, այլև ժողովուրդների դարավոր բարեկամությամբ և ակտիվ համագործակցությամբ։ Համանախագահները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։