Վրաստանի դեսպանը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալին
Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Լեժավան հանդիպում է ունեցել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հիսայուկի Ֆուջիի հետ։
Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դեսպանը ճապոնական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության համար։
Նա ընդգծել է երկու երկրի միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և հետագայում տարբեր ուղղություններով՝ այդ թվում առևտրատնտեսական կապերի խորացման, ազատ առևտրի համաձայնագրի կնքման հնարավորության, ժողովուրդների միջև կապերի զարգացման անհրաժեշտությունը։
«Քննարկվել են Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և երկրի առջև ծառացած մարտահրավերները։ Ճապոնիայի փոխարտգործնախարարը հիշեց իր այցը օկուպացիոն գծի մոտ և ընդգծեց, որ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները՝ լավ է հասկանում Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակի բարդությունը», – նշում են Վրաստանի ԱԳՆ-ում։
Նրանք նաև նշում են, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը երկու երկրների միջև բարեկամական կապերի առավել խորացման ուղղությամբ։