Վրաստանի դատախազությունում սեպտեմբերի 25-29-ը տեղի կունենա Դատախազների միջազգային ասոցիացիայի 27-րդ տարեկան համաժողովը
Սեպտեմբերի 25-29-ը Վրաստանի դատախազությունում տեղի կունենա Դատախազների միջազգային ասոցիացիայի (IAP) 27-րդ տարեկան համաժողովը և ընդհանուր ժողովը՝ «Գլոբալ իրադարձություններ, որոնք փոխել են քրեական արդարադատության համակարգերը» թեմայով։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, Թբիլիսիում նախատեսված դատախազների միջազգային համաժողովին կմասնակցեն 60 երկրների 300 դատախազներ և ՄԱԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության (DOJ), քրեական արդարադատության ոլորտում աշխատող համապատասխան ստորաբաժանումների բարձր մակարդակի փորձագետներ։
«Քառօրյա համաժողովի շրջանակներում կանցկացվեն նիստեր և աշխատաժողովներ այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ դատախազությունների միջև ուղղակի միջազգային համագործակցությունը, Covid-ի համավարակի հետևանքով ստեղծված ինստիտուցիոնալ մարտահրավերները և արձագանքման միջոցառումները, կիբերհանցագործությունների տիպաբանությունների էվոլյուցիան, օտարերկրյա պետությունում էլեկտրոնային ապացույցներ ձեռք բերելու հետ կապված մարտահրավերներ, վիրտուալ ակտիվների միջոցով փողերի լվացում և այլն:
Միջոցառման շրջանակներում Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հատուկ հրավերով համաժողովին մասնակցելու են՝ «Եվրոջասթի» (EUROJUST) նախագահ Լադիսլավ Համրանը, Եվրոպայի գլխավոր դատախազ (EPPO) Լաուրա Կովեսը, ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի (ICC) դատախազի տեղակալ Նաջաթ Շամեմ Խանը: Նախատեսված են Վրաստանի գլխավոր դատախազի երկկողմ հանդիպումներ հրավիրված հյուրերի հետ։ Ինչպես նաև Վրաստանի դատախազության և Եվրոպական դատախազության միջև հետագա համագործակցությունը խորացնելու նպատակով կստորագրվի համագործակցության հուշագիր։
Միջազգային համաժողովի շրջանակներում տեղի կունենան Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գլխավոր դատախազների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
Դատախազների միջազգային ասոցիացիայի գլոբալ հանդիպումը վերջին անգամ հյուրընկալել էր Արգենտինայի գլխավոր դատախազությունը Բուենոս Այրեսում 2019 թվականին, իսկ 2023 թվականին համաժողովը կհյուրընկալի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գրասենյակը Լոնդոնում։
Դատախազների միջազգային ասոցիացիան (IAP) հիմնադրվել է Միավորված ազգերի կազմակերպության Վիեննայի գրասենյակում 1995 թվականին և միակ կազմակերպությունն է, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների դատախազություններն ու առանձին դատախազներին։ Միջազգային ասոցիացիայի անդամ են ավելի քան 183 գործակալություններ աշխարհի 180 երկրներից, ինչպես նաև առանձին անդամ դատախազներ։
Վրաստանի դատախազությունը 2011 թվականից հանդիսանում է Միջազգային ասոցիացիայի կազմակերպչական անդամ, սակայն 2014 թվականից սերտորեն համագործակցում է Ասոցիացիայի հետ։ 2018 թվականի մայիսին Վրաստանի դատախազության ներկայացուցիչն ընտրվել է IAP-ի ղեկավար մարմնի գործադիր կոմիտեի անդամ, և, համապատասխանաբար, Վրաստանի դատախազությունը ներգրավված է ասոցիացիայի կառավարման գործունեության մեջ։
Վրաստանի դատախազության և IAP-ի միջև սերտ համագործակցության շրջանակում 2017 թվականի հունիսի 27-28-ը Վրաստանի դատախազությունն առաջին անգամ հյուրընկալել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջազգային ասոցիացիայի 8-րդ տարածաշրջանային համաժողովը. Թեմա՝ «Հանցագործության և կիբերհանցագործության միջոցով ձեռք բերված գույքի վերադարձ», որը կազմակերպել էին Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դատախազները, պատգամավորներ և 25 երկրների բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Դատախազների միջազգային ասոցիացիայի նպատակներն են՝ հաստատել և բարձրացնել համաշխարհային դատախազների մասնագիտական վարքագծի և էթիկայի միատեսակ չափանիշները, նպաստել օրենքի գերակայությանը, արդարադատությանը, անաչառությանը և մարդու իրավունքների հարգմանը, ինչպես նաև դատախազությունների միջև միջազգային համագործակցության խորացումն ու բարելավումը, տարբեր պետությունների՝ հանցավորության դեմ պայքարում։
Վրաստանի դատախազությունը ապագայում կշարունակի սերտ համագործակցությունը Դատախազների միջազգային ասոցիացիայի (IAP) և այլ միջազգային կազմակերպությունների հետ»,- ասված է դատախազության տեղեկատվության մեջ։