Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածել Խազարաձեի, Ջափարիձեի և Ծերեթելիի գործով
Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածել Խազարաձեի, Ջափարիձեի և Ծերեթելիի գործով

Վրաստանի դատախազությունը հայտարարություն է տարածել Մամուկա Խազարաձեի, Բադրի Ջափարիձեի և Ավթանդիլ Ծերեթելիի դատավարության վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ մեղադրող կողմը որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում։

«Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ կիսեց մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները և մեղավոր ճանաչեց Մամուկա Խազարաձեին, Բադրի Ջափարիձեին և Ավթանդիլ Ծերեթելիին Վրաստանի Քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածով՝ JSC TBC բանկին պատկանող 16 664 000 ԱՄՆ դոլարի խարդախությամբ յուրացնելու մեջ։ Դատարանը, սակայն, չհամաձայնեց կատարված հանցագործության իրավական որակավորման վերաբերյալ մեղադրող կողմի գնահատականին, ինչի պատճառով ամբաստանյալների գործողությունները որակվեցին որպես խարդախություն։

Նշված քրեական գործով յուրաքանչյուր դատապարտյալ դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Վրաստանի քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ նրանք ազատվել են պատիժը կրելուց՝ խարդախության համար քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալու պատճառով։

Հասարակությանը հիշեցնենք, որ Մամուկա Խազարաձեին, Բադրի Ջափարիձեին և Ավթանդիլ Ծերեթելիին մեղադրանք էր առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով փողերի լվացման մեջ։ Մեղադրող կողմը դատարանի որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարանում օրենքով սահմանված ժամկետում»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։