Վրաստանի դատախազությունը առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտների օրինականացման փաստով Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիների նկատմամբ քրեական հետապնդում է սկսել

19:01, 02.10.2026

Վրաստանի դատախազությունը առանձնապես խոշոր չափերի ապօրինի եկամուտների օրինականացման (փողերի լվացման) փաստով Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիների նկատմամբ քրեական հետապնդում է սկսել: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը:

Գերատեսչության փոխանցմամբ՝ քննությամբ պարզվել է, որ Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիները, ովքեր չունեին օրինական եկամտի աղբյուր, իրենց ձեռքի տակ եղած առանձնապես խոշոր չափերի չհիմնավորված ծագման ակտիվները լվանալու նպատակով հանցավոր սխեմա են մշակել:

«Փողերի լվացման նպատակով Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիները համոզել են իրենց շրջապատի անձանց իրականացնել քողարկված ֆինանսական գործարքներ և օրինական ծագում չունեցող, առանձնապես խոշոր չափերի կանխիկ դրամական միջոցները մաս-մաս մուտքագրել նրանց բանկային հաշիվներին: Նաև Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիների հանձնարարությամբ՝ նրանց հետ կապված անձինք եղբայրների կողմից փոխանցված գումարները մուտքագրում էին իրենց անձնական բանկային հաշիվներին և հետագայում, բազմակի բանկային փոխանցումների միջոցով, փոխանցում Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիների անձնական բանկային հաշիվներին:

Նշված ճանապարհով, 2020-2026 թվականներին, Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիների բանկային հաշիվներում կուտակված, մոտ 10 միլիոն լարիին համարժեք տարբեր արտարժույթները տնօրինվել են մեղադրյալների անձնական կարիքների համար՝ ուղղվել են բանկային պարտավորությունների մարմանը, ինչպես նաև նրանց և կապակցված անձանց անունով անշարժ ու շարժական գույքի ձեռքբերմանը:

Դավիթ և Գիորգի Փեիքրիշվիլիներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և 3-րդ մասի «գ» ենթակետերով (խմբի կողմից կատարված ապօրինի եկամուտների օրինականացում, որն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափերի եկամուտ ստանալով), ինչը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ մինչև 12 տարի ժամկետով»,- նշված է դատախազության տարածած տեղեկատվության մեջ:

Նմանատիպ