Վրաստանի Ազգային բանկի և Չինաստանի Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Վրաստանի Ազգային բանկի և Չինաստանի Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վրաստանի Ազգային բանկի և Չինաստանի Ժողովրդական բանկի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման նպատակով։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի Ազգային բանկը։

Գերատեսչության տվյալներով՝ համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նատիա Թուրնավան և Չինաստանի Ժողովրդական բանկի նախագահ Պան Գոնգշենգը։

Չինաստանի Կենտրոնական բանկի հետ հուշագիրը ստորագրվել է Ազգային բանկի պատվիրակության Չինաստան կատարած այցի շրջանակում։ Պատվիրակությունը գլխավորում էր Վրաստանի Ազգային բանկի նախագահ Նատիա Թուրնավան։

Փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է սերտ համագործակցություն՝ գլոբալ ֆինանսական միջավայրում ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու, համակարգային ռիսկերի նվազեցման, երկու երկրների միջև առևտրային և գործարար հարաբերությունների խթանման և ֆինանսական կայունության ամրապնդման համար։

Չինաստանի Կենտրոնական բանկ կատարած այցի ընթացքում Նաթիա Թուրնավան ընդգծել է ՉԺՀ-ի և Վրաստանի Ազգային բանկի միջև ֆինանսական ոլորտում համագործակցության աճի կարևորությունը և հույս հայտնել, որ ապագայում Կենտրոնական բանկերի միջև ակտիվ գործընկերությունը արդյունավետ կլինի երկու երկրների համար:

«Մեր համատեղ խնդիրն է երկու երկրների բանկային հատվածներն ավելի արդյունավետ դարձնել և սերտացնել: Մենք նախատեսում ենք վրացական ֆինանսական շուկան ավելի գրավիչ դարձնել չինական բանկերի և չինական ֆինանսական հատվածի ներկայացուցիչների համար: Ողջունելի է, որ չինական կողմը մեծ հետաքրքրություն և ցանկություն է հայտնել մեզ հետ սերտ համագործակցության համար», – ասաց Նաթիա Թուրնավան:

«Հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել երկու երկրների կենտրոնական բանկերի միջև դրամավարկային քաղաքականության ոլորտում, ինչպես նաև փոխանակել տեղեկատվություն և փորձ ֆինանսական տեխնոլոգիաների, վճարային համակարգերի և արժեթղթերի շուկայի զարգացման ոլորտներում»,- ասված է Ազգային բանկի հաղորդագրության մեջ։