Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ
ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի շրջանակում Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Վրաստանի արտգործնախարարության տեղեկությամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունն ու սերտ կապերի հետագա զարգացման հնարավորությունները։
Գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև բարձրաստիճան այցելությունների դինամիկ փոխանակումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացին։
Տարածաշրջանում ընթացող գործընթացների քննարկման ժամանակ ընդգծվել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը։ Նշվել է, որ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը տնտեսական զարգացման և բարօրության հիմնական պայմաններն են։
Կողմերը նաև քննարկել են երկու երկրների համագործակցությունը Միջին միջանցքի զարգացման համատեքստում։
Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերահաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և պատրաստակամություն հայտնել խորացնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը։