Վրաստանի Առաջին ալիքի արձագանքը Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեի, Լաշա Տուղուշիի և Զազա Աբաշիձեի հայտարարությանը
«Վրաստանի Հանրային հեռարձակողի նպատակներն ու արժեքները սահմանված են օրենքով և հրապարակային են։ Այն եվրոպական ինստիտուտ է, և նրա պարտավորությունն է լինել անկյունաքար ժողովրդավարական հասարակության կառուցման գործընթացում, նպաստել մարդկանց կարծիքների սերտացմանը, վրացական հասարակության և մշակույթի ամրապնդմանը:
Առաջին ալիքի լրագրողներն անխոնջ աշխատում են հանրությանը ստուգված, հավասարակշռված և անաչառ տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ։ Անգամ ներկայիս դժվարին օրերին Հանրային հեռարձակողը հանրությանը տրամադրեց համապարփակ և անաչառ տեղեկատվություն ընթացող գործընթացների մասին։
Մեզ համար չափազանց կարևոր է, որ մեր կազմակերպությունը ծառայի տարբեր կարծիքների հեռարձակմանը և բազմակարծությանը։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, թե ինչ պատասխանատվություն ունենք հասարակության միասնության պահպանման և արմատական բախման վերացման համար։ Այս տեսանկյունից մտահոգիչ է հոգաբարձուների խորհրդի անդամ Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեի հայտարարությունը, որը նա արել է հոգաբարձուների խորհրդի երկու այլ անդամների՝ Լաշա Տուղուշիի և Զազա Աբաշիձեի անունից. նա պահանջել է պարզել ալիքի հաղորդավարի և լրագրողի դավանանքը և, համապատասխանաբար, նրա վերաբերյալ կադրային որոշում կայացնել։
Մենք այս կոչը մի կողմից ընկալում ենք որպես ճնշում մեր աշխատակցի նկատմամբ, մյուս կողմից՝ խմբագրական անկախությունը խաթարելու փորձ։ Մարդու համոզմունքներն ուսումնասիրելու պահանջն ինքնին վտանգավոր նախադեպ է մի հասարակության մեջ, որտեղ բևեռացումը հաղթահարելու խնդիրն արդեն իսկ ցավալիորեն ցայտուն է: Վտանգավոր միտում է նաև մարդկանց կողմնորոշման և համոզմունքների ուսումնասիրությունը և այս հիմքի վրա նրանց առանձնացնելը:
Մենք կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի անդամները պետք է օրինակ ծառայեն յուրաքանչյուր աշխատակցի համար, որպեսզի պարզ լինի, թե ինչ նպատակների է ծառայում այս կազմակերպությունը, սակայն, ցավոք, տեսնում ենք, որ նա, ով պետք է պաշտպանի հասարակության նկրտումները և խմբագրական անկախությունը, ինքն է փորձում դա խախտել:
Վրաստանի Առաջին ալիքը հավատարիմ է և կմնա իր նկրտումներին: Այն կա և կլինի եվրոպական հաստատություն, որի համար բազմազանությունը կարևորագույն արժեքներից է: Մենք հավատում ենք, որ մենք պաշտպանում ենք այս արժեքը հասարակության հանդեպ բարձր պատասխանատվությամբ և քննարկումների բարձր մակարդակով»։
Հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստում Լիկա Բասիլաիա-Շավգուլիձեն ասել է, որ հայտարարություն է անում իր, Լաշա Տուղուշիի եւ Զազա Աբաշիձեի անունից։