Վրաստանի Առաջին ալիքը համագործակցության հուշագիր է կնքել տարածաշրջանային հեռարձակողների հետ
Վրաստանի Առաջին ալիքը հուշագիր է ստորագրել Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթում գործող շրջանային մի քանի լրատվամիջոցների հետ, ինչպես նաև հուշագիր է կնքվել շրջանային հեռարձակողների դաշինքի հետ, որը միավորում է 29 շրջանային հեռարձակողի:
Համագործակցության շրջանակներում Հանրային հեռարձակողը ադրբեջաներեն և հայերեն լեզուներով արտադրված արտադրանքը անվճար փոխանցելու է շրջանի մի քանի հեռուստաընկերությունների՝ «Փարվանային», «ATV 12»-ին և Մառնեուլիի հեռուստատեսությանը:
«Հանրային հեռարձակողը բացի նրանից, որ երկրի ժողովրդավարական կարևորագույն ինստիտուտներից մեկն է և ունի առաքելություն, որին ծառայում է, ձգտում է նաև ուժեղացնել ու զարգացնել մեդիա արդյունաբերությունը: Այս առումով մենք կարևոր ենք համարում տարածաշրջանային հեռարձակողների հետ սերտ ու բազմաբնույթ համագործակցությունը», – հայտարարել է Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:
Հետագայում Վրաստանի առաջին ալիքը և տարածաշրջանային հեռարձակողները նախատեսում են համագործակցել բազմաթիվ ուղղություններով:
«Մենք ուրախ ենք, որ Վրաստանի առաջին ալիքը ցանկություն է հայտնել համագործակցել տարածաշրջանային լրատվամիջոցների հետ: Հատկապես այնպիսի մարզում, ինչպիսին Մառնեուլին է, շատ կարևոր է հեռարձակել ադրբեջանալեզու «Մոամբեն»: Մենք պայմանավորվեցինք նաև բովանդակության փոխանակման շուրջ, որը հիմնականում ներառում է կրթական և դպրոցական ծրագրեր, երաժշտական և ճանաչողական հաղորդումներ ադրբեջաներենով, նախատեսվում է պատրաստել վավերագրական ֆիլմեր: Մենք ակնկալում ենք, որ համագործակցությունը արդյունավետ կլինի երկու կողմերի համար», – հայտարարել է «Մառնեուլի» հեռուստաընկերության տնօրեն Շալվա Շուբլաձեն:
«Նինոծմինդայում գործող «Փարվանա» հեռուստաընկերությունը ողջունում է Առաջին ալիքի շրջանային հեռուստաընկերությունների հետ համագործակցության նախաձեռնությունը: Մաղթում ենք ձեզ հաջողություն այս գործում և սպասում նոր առաջարկների», – նշել է «Փարվանա» հեռուստաընկերության տնօրեն Ալբինա Վարդանյանը:
«Սա լավ սկիզբ է տարածաշրջանային հեռուստատեսությունների զարգացման համար՝ այս երկու կարևոր մարզերում, որտեղ ապրում են մեր համաքաղաքացիները, որոնք մի շարք պատճառներով չեն տիրապետում պետական լեզվին: Ուստի, Հանրային հեռարձակողը այս լեզուներով արտադրած իր արտադրանքը փոխանցում է և այդպիսով նպաստում տեղեկատվության տարածմանը տարածաշրջանում», – ասում է Վրաստանի Առաջին ալիքի «Բազմերանգ Վրաստան» նախագծի ղեկավար Ռամիլիա Ալիևան:
Առաջին փուլում Հեռարձակողների դաշինքի անդամներին իրավունք կտրվի ամանորյա եթերում ցուցադրել վրացական կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմերը, որոնց հեղինակային իրավունքները պատկանում են հենց Հանրային հեռարձակողին:
«Մենք ուրախ ենք Վրաստանի առաջին ալիքի եւ Հեռարձակողների դաշինքի միջեւ հուշագրի ստորագրմամբ: Մենք կարեւոր ենք համարում հանրային և տարածաշրջանային հեռարձակողների համագործակցությունը: Հուսով ենք, որ ապագայում այս համագործակցությունը կխորանա», – հայտարարում է Հեռարձակողների դաշինքի նախագահ Ավթանդիլ Գվելեբիանին: