Վրաստանի ԱԳՆ. Գանջիսկարիի հարցը Վրաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգում չկա
Գանջիսկարիի հարցը Վրաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգում չէ,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարի Նարչեմանիշվիլին։
Նարչեմաշվիլին մեկնաբանել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը՝ վկայակոչելով երկրի մշակույթի նախարար Անար Քերիմովին, ըստ որի բանակցություններ են ընթանում Գանջիսկարիին Վրաստանից Ադրբեջան վերադարձնելու շուրջ։ Մասնավորապես, ըստ ադրբեջանական APA.AZ հրատարակության, Գյանջա կատարած այցի ժամանակ Քերիմովն ասել է. «Մենք դիտարկում ենք Գանջիսկարին բանակցությունների միջոցով Ադրբեջանին վերադարձնելու հարցը։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի և Վրաստանի միջև գործում է միջկառավարական հանձնաժողով, և ադրբեջանական կողմը այդ հարցը ներառել է հանձնաժողովի օրակարգ։ Բանակցության ընթացքը հեշտ չէ. Մեր նպատակն է վերադարձնել դարպասը Ադրբեջանին»:
Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, Վրաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Գանջիսկարիի հարցը արտացոլված չէ Վրաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական տնտեսական հանձնաժողովի արձանագրության մեջ։
«Ադրբեջանի Հանրապետությունը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, ինչը հաստատվում է մեր երկրների համագործակցության լայն շրջանակով, այդ թվում՝ մշակույթի ոլորտում։ Ինչ վերաբերում է Գանջիսկարիի հարցին, ապա այն Վրաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգում չկա։ Համապատասխանաբար, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի արձանագրության մեջ այդ հարցն արտացոլված չէ, փաստաթուղթը սահմանում է, այդ թվում, մշակութային ոլորտում համագործակցության տարբեր ուղղություններ, սակայն Գանջիսկարիի հարցը օրակարգում չկա»,- հայտարարել է Մարի Նարչեմաշվիլին: