Վրաստանի ԱԳՆ. Դամասկոսում օկուպացված Աբխազիայի «դեսպանի» և Սիրիայում Չինաստանի դեսպանի ենթադրյալ հանդիպման վերաբերյալ Վրաստանում Չինաստանի դեսպանի հետ հաղորդակցություն է տեղի ունեցել
Դամասկոսում օկուպացված Աբխազիայի դեսպան Բագրատ Խութաբայի և Սիրիայում Չինաստանի դեսպան Ֆեն Բիաոյի ենթադրյալ հանդիպման վերաբերյալ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը կապ է հաստատել Վրաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Յանի հետ։ Այդ մասին տեղեկություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ ըստ չինական կողմի՝ թյուրիմացություն կա, մայրաքաղաքում ակտիվորեն ճշտվում են մանրամասները, որոնք վրացական կողմին կհաղորդվեն մոտ ժամանակներս։
«Չինական կողմն ընդգծել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն անշեղորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, ինչպես նաև Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ապագայում առաջնորդվելու է այս սկզբունքով։ Չինական կողմը նաև երախտապարտ է Վրաստանի կառավարությանը՝ միասնական Չինաստանի սկզբունքին անսասան և հետևողական հավատարմության համար։ Կողմերի նման մոտեցումը հանգեցնում է բարեկամական և գործընկերային հարաբերությունների հաստատմանը։
Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկատվություն կտրամադրի արտերկրում գտնվող իր դեսպանատներին, որպեսզի նրանք զերծ մնան նման շփումներից։
Միաժամանակ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան դեկտեմբերի 7-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավարի հետ, որի ընթացքում չինական կողմը վերահաստատեց իր անսասան աջակցությունը»,- նշված է արտաքին գործերի նախարարության տեղեկության մեջ: