Վրաստանի ԱԳՆ. Անընդունելի է Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերանայման վերաբերյալ երրորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից արված ցանկացած հայտարարություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին
Վրաստանի ԱԳՆ. Անընդունելի է Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերանայման վերաբերյալ երրորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից արված ցանկացած հայտարարություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ դեկտեմբերի 10-ին արված հայտարարությանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն անընդունելի է համարում ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ-ն «անհրաժեշտ է համարում 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը, որ Վրաստանը և Ուկրաինան դառնան ՆԱՏՕ-ի անդամներ, չեղյալ համարվի» (дезавуировать).

«2008 թվականի ապրիլի 3-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները Բուխարեստի գագաթնաժողովում որոշեցին, որ Վրաստանը (և Ուկրաինան) կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Վերոնշյալը չափազանց կարևոր, կոնսենսուսի վրա հիմնված քաղաքական որոշում է, որը հիմնված է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի վրա, որ բոլոր պետություններն ունեն ինքնիշխան իրավունք՝ ընտրելու իրենց արտաքին քաղաքական ուղին: Սակայն այս որոշումը հիմնված է Հյուսիսատլանտյան պայմանագրի 10-րդ հոդվածի վրա, ըստ որի՝ ցանկացած եվրոպական երկիր կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, որը կկիսի պայմանագրի սկզբունքները և կնպաստի Հյուսիսատլանտյան տարածքի անվտանգությանը։

ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի ինքնիշխան որոշումն է՝ հիմնված Վրաստանի բնակչության մեծամասնության անսասան կամքի վրա։ Այս նպատակն արտացոլված է նաև Վրաստանի Սահմանադրությունում։

Նշենք, որ Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումը կրկնվել է 2008 թվականից հետո կայացած ՆԱՏՕ-ի բոլոր գագաթնաժողովներում։ 2021 թվականին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված կոմյունիկեն ընդգծում է, որ դաշնակիցներն անընդունելի են համարում որևէ երրորդ կողմի միջամտությունը երկրների արտաքին առաջնահերթությունների որոշմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Բուխարեստի գագաթնաժողովի որոշման վերանայման վերաբերյալ երրորդ կողմի արած ցանկացած հայտարարություն, որը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին, անընդունելի է արտաքին գործերի նախարարության համար։

Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ եվրոպական և եվրատլանտյան անվտանգության ճարտարապետության հիմնական մարտահրավերն այսօր Ռուսաստանի Դաշնության գործողություններն են, որոնք դրսևորվում են հարևան ինքնիշխան երկրների տարածքների օկուպացմամբ և բռնակցմամբ»,- նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: