Վրաստանը ԵՏՄ երկրներում իր արտադրանքի արտահանման համար Հայաստանի հնարավորությունները պետք է օգտագործի. Սերժ Սարգսյան
Վրաստանը ԵՏՄ երկրներում իր արտադրանքի արտահանման և վաճառքի նպատակով պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները և ազատ առևտրի գոտիների առկայությունը: Այս մասին Թբիլիսիում Գիորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված ցանկացած ընկերություն կարող է օգտակար լինել Վրաստանի համար:
«Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտին Վրաստանի համար հիանալի հնարավորություն է, քանի որ Իրանը վաճառահանման մեծ շուկա է», – ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին հարցերը:
«Մենք համակարծիք ենք, որ երկարաժամկետ հակամարտությունները պետք է միայն համաձայնեցված ձևաչափերում խաղաղ բանակցությունների միջոցով լուծվեն»:
Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում:
Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի, Վրաստանի պատրիարք և կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan