Սերբիան աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, երկրի եվրոպական ինտեգրման և Վրաստանի հետ երկկողմ համագործակցության խորացմանը – այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Սերբիայի նախագահն ընդգծել է Վրաստանի հետ առկա բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել՝ աջակցել երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը և խորացմանը:
Հանդիպմանը քննարկել են նախքան Թբիլիսիում և Բելգրադում լիարժեք դիվանագիտական առաքելության գործարկումը՝ դիվանագետների նշանակման հնարավորությունը: Երկու կողմերն էլ հայտնել են այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Սերբիայի նախագահը ողջունել է Վրաստանի և Սերբիայի միջև անայցագրային ռեժիմի մասին պայմանագիրը, որը կնքվելու է Միխեիլ Ջանելիձեի Սերբիա այցի շրջանակներում և նշել, որ Սերբիայի կառավարությունը նշված պայմանագրի գործարկումը կիրականացնի մոտ օրերին: Կողմերն ընդգծել են անայցագրային ռեժիմի նշանակությունը՝ միջժողովրդական կապերի և զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման համար: