Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը,- այս մասին հայտարարություն է տարածում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Արտաքին գերատեսչությունը հույս է հայտնում, որ հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց:
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի մեջ է մտել հրադադարի մասին համաձայնագիրը:
Երեկ, Մոսկվայում 11 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են այսօր ժամը 12:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին: Հրադադարը պետք է լինի մարդասիրական նպատակով, որպեսզի կողմերը փոխանակվեն ռազմագերիներով և զոհերով: