Վրաստանը կլինի առաջին երկրներից, որն անվտանգ միջանցքներ կբացի այլ երկրների հետ և կվերականգնվի զբոսաշրջիկների հոսքը
Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը վարչապետ Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ զբոսաշրջության աջակցության համար աշխատում է առանձնահատուկ հակաճգնաժամային ծրագրի պատրաստման շուրջ:
Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան՝ այսօր անցկացված շնորհանդեսին:
Նրա խոսքով, զբոսաշրջության սեկտորն այն արդյունաբերությունն է, որին անհրաժեշտ է օգնություն և աջակցություն: Ինչպես նշել է նախարարը, մինչ օրս զբոսաշրջությունը Վրաստանի էկոնոմիկայում ուներ մեծ լումա և աշխատատեղերով ապահովում էր մարդկանց:
«Եթե մնացած բիզնեսները շատ շուտ կընկնեն իրենց հունի մեջ, ապա զբոսաշրջությունը, հաշվի առնելով, որ բոլոր երկրները միաժամանակ չեն կարողանա հաղթահարել համավարակը և սահմանափակումները կպահպանվեն, կա առանձնահատուկ բարդություն: Ուստի, վարչապետի հանձնարարությամբ, զբոսաշրջության համար պատրաստում ենք հատուկ հակաճգնաժամային ծրագիր: Ամեն օր հաղորդակցվում ենք հյուրանոցների, էքսկուրսավարների, տուր-օպերատորների, տրանսպորտային ընկերությունների հետ, որոնք այսօր զրկվել են եկամտի աղբյուրից: Մենք ունենք հնարավորություն, որպեսզի տարեվերջին Վրաստանը դառնա անվտանգ վայր, քանի որ նոր զբոսաշրջությունն այլևս չի լինի այնպիսի ավանդական, ինչպիսին մինչ այժմ էր»,- նշել է Թուրնավան:
Նախարարն ասում է, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի Վրաստանի տուրիստական բիզնեսը պատրաստ դիմավորի հետհամավարակային ժամանակաշրջանի պահանջները:
«Մենք կլինենք երկիր, որն առաջինը կբացի անվտանգ միջանցքներ այլ երկրների հետ և կվերականգնվի զբոսաշրջիկների հոսքը»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: