Վրաստանը Գերմանիայից ստացել է կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար դեղամիջոցներ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Վրաստանին մոնոկլոնալ հակամարմիններ է նվիրաբերել։ Նվիրատվությունը բաղկացած է Կասիրիվիմաբի և Իմդևիմաբի ավելի քան 3000 չափաբաժիններից: Մոնոկլոնալ հակամարմինները կօգտագործվեն «Կովիդ 19»-ով վարակված հոսպիտալացված հիվանդների բուժման համար։
«Գերմանիայի կառավարության կողմից Վրաստանին տրամադրվել են մոնոկլոնալ հակամարմիններ, ինչը շատ կարևոր է մեր հիվանդների բուժման համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպանին բանակցություններում ակտիվ ներգրավվածության համար։ Վրաստանն արդեն պատրաստել է արձանագրություն, ըստ որի մեր հիվանդները կստանան մոնոկլոնալ հակամարմիններ, և ես վստահ եմ, որ դա զգալիորեն կբարելավի բուժման որակը»,- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն։
Մոնոկլոնալ հակամարմինների տեղափոխումը Վրաստան իրականացվել է Գերմանիայի դեսպանատան ակտիվ աջակցությամբ։
«Ուրախ եմ, որ մենք 3000 չափաբաժին բարձրորակ դեղամիջոց ենք մատակարարել մեր վրացի գործընկերներին։ Սա Գերմանիայի և Վրաստանի կառավարությունների հաջող համագործակցության արդյունքն է։ Այս դեղամիջոցը նախատեսված է կորոնավիրուսով վարակված հիվանդների համար, որտեղ հիվանդությունը զարգանում է բարդ ձևերով։ Ուզում եմ նաև նշել, որ համավարակի դեմ պայքարի հիմնական զենքերից մեկը պատվաստումն է, որպեսզի մարդիկ չհիվանդանան, անհրաժեշտ է հնարավորինս շատ մարդկանց պատվաստել։ Պատվաստումները կարևոր են, որպեսզի հաջորդ տարի համավարակը չշարունակվի Վրաստանում»,- ասել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Կասիրիվիմաբ / Իմդևիմաբը արտադրվում է «Roche» դեղագործական ընկերության կողմից։ ԱՄՆ-ի սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) թույլատրել է դեղամիջոցի օգտագործումը «Կովիդ 19»-ով վարակված հիվանդների բուժման համար։ Այս դեղամիջոցը լայնորեն կիրառվում է աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ճապոնիայում, Եվրամիության անդամ երկրներում։
Դեղորայքը տեղադրվել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում։ Դեղամիջոցների փոխանցման արարողությանը Առողջապահության նախարարի և Գերմանիայի դեսպանի հետ միասին ներկա են եղել, Առողջապահության առաջին փոխնախարար Թամար Գաբունիան և Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն։