Վրաստանը արագացված կարգով դիմելու է ԵՄ-ին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար
Վրաստանը արագացված կարգով դիմում է Եվրամիությանը՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար,- հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում կայացած ճեպազրույցում։
Նա ասաց, որ որոշումը՝ հաշվի առնելով քաղաքական ենթատեքստը և նոր իրողությունը, կայացվել է կուսակցության քաղխորհրդի անդամների հետ խորհրդակցելով։
«2024 թվականին, ինչպես նախատեսված է «Վրացական երազանք» նախընտրական ծրագրով, նոր բարեփոխումներով ապահովված հայտը շատ առավելություններ կունենար հապճեպ դիմելու համեմատ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ընդհանուր քաղաքական ենթատեքստը և նոր իրողությունը, կուսակցության քաղխորհրդի անդամների և առաջին հերթին վարչապետի հետ խորհրդակցություններից հետո «Վրացական երազանքի» քաղաքական թիմը քաղաքական որոշում կայացրեց անհապաղ դիմել ԵՄ անդամակցության համար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, պատրաստում է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու դիմումը, որը վաղը Վրաստանի իշխանության անունից պաշտոնապես կներկայացվի ԵՄ կառույցներին։
«Մենք կոչ ենք անում ԵՄ կառույցներին արտակարգ իրավիճակում դիտարկել մեր դիմումը և որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Մեր երազանքն ու քաղաքական նպատակն է, որ Վրաստանը դառնա տնտեսապես ուժեղ և ապահով եվրոպական երկիր։ Մեր իշխանության յուրաքանչյուր քայլ ծառայում է այս նպատակին, այդ թվում՝ մեր ներկայիս որոշումը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, «Վրացական երազանքի» իշխանությունը վերջին տարիներին մի շարք տպավորիչ ձեռքբերումներ է գրանցել ԵՄ ինտեգրման ճանապարհին։
«Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ստացել ենք առանց վիզայի ռեժիմ։ Մենք ԵՄ ինտեգրումը սահմանել ենք որպես սահմանադրական խնդիր: Մենք բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք երկիրը մոտեցրել են ԵՄ չափանիշներին։ «Վրացական երազանք»-ը հայտարարել է ԵՄ-ին մինչև 2024 թվականն անդամակցելու իր դիմումը որպես 2020 թվականի նախընտրական ծրագրի հիմնական նպատակ։ Այս ջանքերի տրամաբանական շարունակությունն է անհապաղ դիմում ներկայացնելու և թեկնածուի կարգավիճակ ստանալու մեր ներկայիս որոշումը։
Վրաստանը նախորդ տարի երկնիշ տնտեսական աճ է ունեցել՝ 10,6 տոկոս։ Այս տարվա հունվարը փակեցինք 18 տոկոս տնտեսական աճով։ Մեր իշխանությունն անվտանգության առումով հաստատակամորեն պաշտպանում է պետության շահերը։ Սա այն ճանապարհն է, որը պետք է տանի մեր երկիրը դեպի աղքատության հաղթահարում, դեպի մեր բնակչության բարեկեցության ու անվտանգության մակարդակի որակական բարձրացում, ապաօկուպացիա։
«Վրացական երազանքի» իշխանության յուրաքանչյուր քայլ ներծծվելու է այս նպատակով և պատասխանատվությամբ մեր երկրի և բնակչության առջև»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։