Վրաստան-Հայաստան սահմանին բացվել է «Նինոծմինդա» նոր ավտոմաքսային անցակետը
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ Եկամուտների ծառայությունը շարունակում է մաքսակետերի կառուցման/վերակառուցման և վերազինման աշխատանքները երկրի ողջ տարածքում։ Վրաստան-Հայաստան սահմանին բացվել է «Նինոծմինդա» նոր ավտոմաքսային անցակետը:
Գերատեսչության տվյալներով՝ «Նինոծմինդա» ավտոմոբիլային մաքսային անցակետի բացման պաշտոնական արարողությանը հրավիրված հյուրերին, տեղում աշխատող մաքսավորներին ու պարեկային ոստիկանության աշխատակիցներին է դիմել Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավան, ՀՀ Եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և մաքսային վարչության պետ Զուրաբ Սիճինավան։
Մաքսակետի բացմանը ներկա էին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, ՆԳՆ, եկամուտների ծառայության, քննչական ծառայության ղեկավարները, գործընկեր գերատեսչությունների, դիվանագիտական կորպուսի և տեղական իշխանությունների ներկայացուցիչները։
«Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին իր ելույթի ժամանակ ընդգծել է նոր մաքսային ենթակառուցվածքի կարեւորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Ինչպես նշեց նա, Վրաստանը կարեւոր տարանցիկ երկրի կարգավիճակ ունի։ Ըստ այդմ, իշխանության ջանքերն ուղղված են տարածաշրջանում միջազգային չափանիշներին համապատասխանող, փոխշահավետ, գործընկերային համագործակցության վրա հիմնված տնտեսական քաղաքականություն իրականացնելուն», – նշվում է տեղեկատվության մեջ։
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ «Նինոծմինդա» մաքսային անցակետում միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարների, մարդատար և թեթև մեքենաների համար կազմակերպվել է 11 ելք՝ հագեցած ժամանակակից կառավարման համակարգերով։ Անցակետում աշխատելու է մոտ 70 մաքսավոր։ Ամեն օր երկու ուղղություններն էլ նախատեսված են առնվազն 600 բեռնատար, 3000 ավտոմեքենա և 8000 ուղևոր տեղափոխելու համար։