Վրացական կողմը Ժնևի բանակցությունների մասնակիցներին փոխանցելու է Արչիլ Տատունաշվիլու գործով փորձաքննության եզրահանգումը և պահանջելու պատժել մեղավորներին
Այսօր վրացական կողմը Ժնևի բանակցությունների մասնակիցներին առաջին անգամ փոխանցելու է Սամխարաուլիի անվան ազգային բյուրոյի կողմից պատրաստված բժշկական եզրահանգումը՝ Արչիլ Տատունաշվիլու դիակի վրա անցկացված փորձաքննության մասին և պահանջելու պատժել մեղավորներին:
Առաջին ալիքը զրուցել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Դոնդուայի հետ:
«Համաձայն եմ պարոն Կարասինի հետ, որ Տատունաշվիլու սպանությունը ողբերգություն է: Նման ողբերգություն չպետք է կրկնվի, սակայն անհրաժեշտ է, որպեսզի Ռուսաստանը կատարի 2008 թվականի օգոստոսի 12-ին ստանձնած պարտականությունը, ստեղծվեն միջազգային մեխանիզմներ, որոնք կվերահսկեն ուժի չկիրառումը և բռնազավթված ուժերը Վրաստանի տարածքից դուրս բերելը: Միայն այս դեպքում հնարավոր կլինի խոսել տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին»,- նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատարը:
Դոնդուայի հայտարարությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը իր հայտարարությամբ փորձում է խուսափել այն պարտականություններից, որոնք ունի Ռուսաստանը: Նրա խոսքով, Ռուսաստանը բռնազավթված տարածքներում արդյունավետ վերահսկում իրականացնող ուժ է:
«Մենք այսօր հանդիպմանը Ժնևի բանակցությունների մասնակիցներին փոխանցելու ենք Սամխարաուլիի անվան բյուրոյի կողմից պատրաստված եզրահանգումը, որպեսզի նրանք լիարժեք պատկերացում կազմեն այն մասին, թե ինչ մակարդակի ողբերգություն է տեղի ունեցել»,- հայտարարել է Դավիթ Դոնդուան:
Նրա խոսքով, միակ ելքը ապաբռնազավթումն է և բռնազավթված տարածքներում կանոնի վերականգնումը: