Վրացական գինու շնորհանդեսը տեղի է ունեցել Գերմանիայի Դեյդսհայմ քաղաքում
Գինու ազգային գործակալության ֆինանսական աջակցությամբ և գործակալության կապալառու՝ գերմանական ff.k Public Relations մարքեթինգային ընկերության կազմակերպմամբ, Գերմանիայի Դեյդսհայմ քաղաքում տեղի է ունեցել վրացական գինու համտես՝ TOP 50 Sommeliers միջազգային սոմելյեների մրցանակաբաշխության շրջանակներում: Այս մասին հաղորդում է Գինու ազգային գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջոցառումը վարել է գերմանացի գինու փորձագետ Ինգե Մայնցերը:
«TOP 50 Sommelier»-ը անցկացվում է 2012 թվականից, որին մասնակցում են սոմելյեներ, HoReCa ոլորտի, գաստրոնոմիայի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Եվրոպայում գինու ամենամեծ ներմուծող Գերմանիան 2020 թվականից ի վեր ընդգրկվել է վրացական գինու ռազմավարական շուկաների ցանկում և կայուն կերպով ամրապնդվել է արտահանման առաջատար տասնյակում:
Վրացական գինու առաջխաղացման և դրա արտահանման ներուժը մեծացնելու նպատակով Գինու ազգային գործակալությունը 2021 թվականից համագործակցում է գերմանական ff.k Public Relations ընկերության հետ: Ակտիվ առաջխաղացման արշավը շարունակվում է նաև այս տարի», – գրում է Գինու ազգային գործակալությունը: