«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիորգի Գախարիային
«Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիորգի Գախարիային: Հայտարարությունն այս մասին «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղաքական խորհրդի և մեծամասնության նիստից հետո արել է «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Գիորգի Գախարիան «Վրացական երազանքի» կառավարությունում 2017 թվականի նոյեմբերի 13-ից զբաղեցնում է ներքին գործերի նախարարի և փոխվարչապետի պաշտոնները: Նա նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է:
2016 թվականի նոյեմբերի 27-ից – 2017 թվականի նոյեմբերի 13-ը ժամանակահատվածում Գիորգի Գախարիան եղել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, իսկ մինչև այդ ղեկավարում էր տնտեսական խորհուրդը, ինչպես նաև Վրաստանի բիզնես-օմբուդսմենի պաշտոնը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երեկ հրաժարական էր տվել: Ինչպես նշել է Բախտաձեն, ինքը համարում է, որ այս այս պահի դրությամբ առաքելությունը կատարված է:
Վրաստանի կառավարության նորացված կազմին անհրաժեշտ է խորհրդարանի վստահությունը: Ըստ սահմանադրության, խորհրդարանը կառավարության իրավասության դադարեցումից, վարչապետի հրաժարականից կամ իրավասության այլ կերպ կասեցումից երկու շաբաթ ժամկետում, վստահություն է հայտնում խորհրդարանի ընտրություններում լավագույն արդյունք գրանցած կուսակցության կողմից անվանված վարչապետի թեկնածուին և նրա ներկայացրած կառավարությանը: