«Վրացական երազանք». Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում
«Վրացական երազանք». Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում

Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում,- այս մասին ասվում է հունիսի 20-ի իրադարձությունների վերաբերյալ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, «Վրացական երազանքը», վրաց ժողովրդի հետ միասին, ամեն անգամ ավելի ու ավելի արդյունավետ կհաղթահարի բոլոր մարտահրավերները, կդիմակայի ընդդիմության ապակառուցողական օրակարգին և համոզիչ հաղթանակ կտանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Վրաստանը շատ է պայքարել ազատության համար և այսօր բոլորս գիտենք, որ ազատությունն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է: Նման դեպքում, առանձնապես մեծ կարևորություն է ստանում հասարակության վերահսկողությունն իշխանության վրա, թեկուզ առողջ ձևով արտահայտված բողոքը, որը մատնանշում է իշխանության սխալը:

Ժողովրդավար կառավարման պայմաններում, սա ոչ թե իշխանության խնդիրը, այլ՝ երկրի հարստությունն է: Ցավոք, ոչ այդքան հազվադեպ, առողջ, ակտիվ բողոքը վերածվում է քաոսի և բռնության և դրա օրինակը մենք տեսնում ենք ոչ միայն Վրաստանում: Իհարկե, նման դեպքում, ցանկացած պատասխանատու իշխանության պարտականությունն է  պաշտպանել օրենքը, պետությունը և հասարակությունը պաշտպանել գործընթացների սահմանադրական օրակարգի շրջանակից դուրս գալուց: Այսօր, երբ մենք գնահատական ենք տալիս հունիսի 20-ի իրադարձություններին, տեղի ունեցածը պետք է փորձենք վերլուծել հենց այդ տեսանկյունից:

Նախորդ տարի, իշխանության կողմից թույլ տրված սխալին հետևեց հասարակության բողոքը, իշխանությունը ճանաչեց իր սխալը և ստանձնեց քաղաքական պատասխանատվություն: Դժբախտաբար, ապակառուցողական ընդդիմությունը փորձեց այս բողոքն օգտագործել իր քաղաքական նպատակների համար և բողոքի ալիքը վերածեց բռնի ցույցի: Փաստացի, նրանք գրոհեցին խորհրդարանի շենքը և ոստիկանության ուժերի վրա ևս հարձակում գործեցին, փորձեցին բռնի կերպով տապալել իշխանությունը:

2007 թվականի նոյեմբերի 7-ի և 2011 թվականի մայիսի 26-ի ցույցերի արյունոտ ցրման հեղինակների հաշվարկները ցինիկ և բարոյազանց են – նրանք գիտեին, որ վրաց հասարակությունը ծայրահեղ ցավալի է արձագանքում ոստիկանության կողմից թեկուզ օրինական կիրառված ուժին: Ցավոք, օրենքի շրջանակից դուրս եկած ցույցը դադարեցնելու նպատակով անցկացված օրինական գործողության ժամանակ ֆիզիկական վնասվածք են ստացել ինչպես ցուցարարները, այնպես էլ՝ ոստիկանները, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները: Այս իրադարձություններից  հետո, իշխանությունը հաջողությամբ հանձնեց ժողովրդավարության թեստը և առանց իրավական արձագանքի չթողեց ոստիկանների կողմից ուժի գերազանցման դեպքերը և միևնույն ժամանակ, ամեն բան արեց՝ տուժածների ապաքինման համար:

Բացի այդ, հարկ է նշել, որ գրոհի մասնակիցների կողմից հանցանք գործելու փաստը հաստատեց նաև դատարանը և գրոհի մասնակից բացարձակ մեծամասնությունը ճանաչեց իր գործած հանցանքը:

Մենք զգում ենք հասարակության աջակցությունը, մենք պատասխանատվություն ենք զգում մեր երկրի պատմության և ապագայի առջև, ուստի «Վրացական երազնաքը», վրաց ժողովրդի հետ միասին, ամեն անգամ ավելի ու ավելի արդյունավետ կհաղթահարի բոլոր մարտահրավերները, կդիմակայի ընդդիմության ապակառուցողական օրակարգին և համոզիչ հաղթանակ կտանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Մենք բոլորս միասին երկիրը կտանենք հաղթանակի ճանապարհով և արժանի տեղ կզբաղեցնենք ազատ, եվրոպական և ժողովրդավար ընտանիքում»,- նշված է հայտարարության մեջ: