«Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, կուսակցության քաղխորհրդի որոշմամբ ստեղծվում է կուսակցության կանանց կազմակերպությունը։
Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Կոբախիձեն, ստեղծվում է կանանց կազմակերպություն՝ ապահովելու կուսակցական-քաղաքական գործընթացներում կանանց դերի և ներգրավվածության առավելագույն ակտիվացումը։
«Ուզում ենք տեղեկություններ փոխանցել կուսակցությունում նախատեսվող կառուցվածքային նորամուծությունների մասին։ Կուսակցության քաղխորհրդի որոշմամբ ստեղծվում է կուսակցության կանանց կազմակերպություն։ Ինչպես գիտեք, քաղաքական կուսակցության հետ կանանց կազմակերպություն ունենալը եվրոպական կայացած փորձ է: Կուսակցական-քաղաքական գործընթացներում կանանց դերի և ներգրավվածության առավելագույն ակտիվացումն ապահովելու նպատակով ստեղծվում է կանանց կազմակերպություն։ Տարբեր հանգամանքներից ելնելով, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մեր կուսակցությունը կարողացավ քաղաքապետի 64 թեկնածուներից առաջադրել միայն երեք կին թեկնածուի, իսկ Սակրեբուլոյի անդամության թեկնածուներ առաջադրեցինք, ըստ էության, միայն մեր կողմից ներկայացված ընտրական քվոտայի շրջանակներում։ Հավանաբար բոլորս կհամաձայնվենք, որ նման տվյալները չեն համապատասխանում մեր հասարակության օբյեկտիվ պատկերին, և կանայք արժանի են շատ ավելի լայն ներկայացվածության բարձր պաշտոններում»,- ասել է Կոբախիձեն։
Միևնույն ժամանակ, Իրակլի Կոբախիձեի խոսքով, կանանց կազմակերպության ստեղծումը կնպաստի թիմի կին անդամների կարիերայի աճին և ճանապարհ կհարթի նրանց համար ավելի հաջողակ լինելու համար։ Թե՛ կուսակցական կառույցներում, թե՛ հանրային ծառայության մեջ։
«Կանանց կազմակերպությունը կապահովի մեր կուսակցության կին անդամների մասնագիտական զարգացումը, կնպաստի տարբեր քաղաքների ու մարզերի կին կուսակցականների ավելի սերտ համագործակցությանն ու շփմանը։ Կանանց կազմակերպություն ստեղծելու նպատակով մինչև հաջորդ շաբաթվա վերջ Վրաստանի բոլոր շրջաններում կանցկացվեն հանդիպումներ։ Առաջիկայում տեղի կունենա «Վրացական երազանքի» կանանց կազմակերպության հիմնադիր ազգային համաժողովը, որը կընտրի կազմակերպության խորհուրդը, քաղաքային ու տարածաշրջանային կազմակերպությունների ղեկավարները։ Ավելի ուշ կանցկացվեն կանանց կազմակերպության 11 քաղաքային և մարզային համաժողովներ, որոնք կընտրեն քաղաքային և մարզային կազմակերպությունների բյուրոները։ Մենք կարծում ենք, որ իշխող կուսակցության կանանց կազմակերպության ստեղծումը կօգնի ակտիվացնել կանանց դերը ոչ միայն կուսակցական և քաղաքական կյանքում, այլև նոր հնարավորություններ կստեղծի հասարակության մեջ կանանց իրավունքների և շահերի պաշտպանության համար»,- ասել է Կոբախիձեն։