«Վրացական երազանք». Այսօր յուրաքանչյուր վրացի սգում է, ի հիշատակ զոհերի, կուսակցությունը մինչև հոկտեմբերի 12-ը դադարեցնում է նախընտրական-քաղաքական գործունեությունը
Մենք մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, հարազատներին և համայն Վրաստանին, – ասված է «Վրացական երազանք» կուսակցության հայտարարության մեջ:
«Բաթումիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ամբողջ երկիրը: Մենք մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին, հարազատներին և ամբողջ Վրաստանին:
Այսօր յուրաքանչյուր վրացի սգում է: Ի հիշատակ զոհերի, «Վրացական երազանքը» մինչեւ հոկտեմբերի 12-ը կդադարեցնի բոլոր ընտրական-քաղաքական գործունեությունը:
Մենք չենք կարող չընդգծել փրկարարական աշխատանքներում ներգրավված յուրաքանչյուր անձի և ծառայության հատուկ նվիրումը: Շնորհակալ ենք փրկարարներին անձնազոհության համար», – ասվում է «Վրացական երազանքի» հայտարարության մեջ:
Բաթումիում բնակելի շենքի փլուզման հետեւանքով փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում փլատակներից հանել են 7 դի: Այսօր առավոտյան կլինիկայում մահացել է փլատակների տակից դուրս բերված ևս մեկ քաղաքացի:
Այս փուլում կլինիկայում մնում է փլատակներից դուրս բերված 36-ամյա մի տղամարդ, ում վիճակը, ըստ բժիշկների, ծանր է:
Բաթումիում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Հաղորդվում է, որ փրկարարները փլատակների տակ փնտրում են եւս երեք մարդու:
Ներքին գործերի նախարարությունը երեք մարդու է ձերբակալել Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործի հետաքննության շրջանակներում:
Վարչապետի որոշմամբ, հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված: