Վրացական ավիաշուկա մուտք է գործում «Condor Airlines» նոր ավիաընկերությունը
Մայիսի 1-ից Վրաստանի ավիաշուկայում կսկսի գործել «Condor Airlines» նոր ավիաընկերությունը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան։ Միությունը նշում է, որ հաջողությամբ ավարտել է գերմանական ավիաընկերության հետ բանակցությունների վերջին փուլը։
«Condor Airlines»-ը շաբաթական երկու անգամ կանոնավոր կանոնավոր չվերթներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ երթուղով: Տոմսերն այժմ կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքում։
Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Թամար Արչուաձեի խոսքով՝ «Condor»-ի մուտքը ավիաշուկա հատկապես կարևոր է անդրատլանտյան տարանցիկ թռիչքների համար։
«Մենք բավականին դրական ենք սկսում 2022 թվականը։ Շուկա է մուտք գործում բոլորովին նոր ավիաընկերություն՝ գերմանական «Condor»-ը, որի հետ մենք հաջողությամբ ավարտել ենք բանակցությունների գրեթե մեկ տարին։ Ֆրանկֆուրտը կլինի երրորդ քաղաքը, որտեղ այս փուլում հնարավոր կլինի հասնել Թբիլիսիի օդանավակայանից։ Գերմանիան մեզ համար ռազմավարական կարևոր ուղղություն է։ Այդ իսկ պատճառով մենք միշտ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շատ ավիաընկերություններ հետաքրքրվեն և ավելացնենք ավելի շատ ուղղություններ դեպի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Մենք անընդհատ փորձում ենք դիվերսիֆիկացնել ուղղությունները մեր միջազգային օդանավակայաններում: Մեր մեկ այլ գործընկեր «EUROWINGS»-ը ամռանը չվերթներ է սկսում Թբիլիսիից Գերմանիայի Շտուտգարտ քաղաք: Քութաիսիի միջազգային օդանավակայանից այս փուլում հնարավոր է հասնել Գերմանիայի երեք քաղաք՝ Բեռլին, Մեմմինգեն և Դորտմունդ։ Սա նշանակում է ավելի շատ միջազգային այցելուներ և ավելի շատ բարձր ծախսեր կատարող զբոսաշրջիկներ մեր երկրի տնտեսության համար, ինչպես նաև Վրաստանի իրազեկվածության բարձրացում մեր թիրախային շուկաներում»,- ասել է Թամար Արչուաձեն։
«Condor Airlines»-ը հիմնադրվել է 1955 թվականին։ Նրա հիմնական բազան գտնվում է Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ 2021 թվականի հուլիսի դրությամբ ավիաընկերությանը պատկանում է 50 «Boeing» և «Airbus» ինքնաթիռ։ «Condor»-ը թռչում է Միջերկրական ծովի երկրներ, Ասիա, Աֆրիկա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա: