Վրաց-հայկական սահմանին, Դեբեդ գետի վրա, սկսվել է նոր կամրջի շինարարությունը
Վրաց-հայկական սահմանի մոտ Սադախլո-Բագրատաշենի անցակետում, Դեբեդ գետի վրա սկսվել է նոր «Բարեկամության կամրջի» շինարարությունը:
Նոր կամրջի ընթացիկ աշխատանքներն ուսումնասիրել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) տարածաշրջանային տնօրեն Կատարինա Հանսեն և նույն բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Ղվինդաձեն և երկու երկրների այլ պաշտոնատար անձինք:
«Բարեկամության կամրջի» կառուցումը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ Վրաստանի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ: Կամրջի կառուցման համար EBRD-ն Վրաստանին հատկացրել է մինչև վեց միլիոն եվրո: Կամրջի շինարարությունն իրականացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչությունը:
Իրակլի Քարսելաձեն խոսել է այն մարտահրավերների մասին, որոնք կողմերը հաղթահարեցին նախագծի նախապատրաստման փուլում և դիտարկելով շինարարական աշխատանքների ակտիվ փուլին անցումը, հույս հայտնեց, որ նոր կամուրջը կբացվի 2022 թվականի մայիսին:
«Լայնածավալ նախագիծը միշտ լի է դժվարություններով, և հաշվի առնելով մեր հարևան երկրում վերջերս տեղի ունեցած մարտահրավերները, հայկական կողմի ջանքերն ու ներդրումներն էլ ավելի են գնահատվում, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց: Հետհամաճարակային շրջանում կարևոր է վերականգնել տնտեսությունը, և մենք կարևոր աշխատանք ենք կատարում ենթակառուցվածքների առումով, փորձում ենք ապահովել ճանապարհային ստանդարտների և անվտանգության համարժեքությունը», – ասաց Իրակլի Քարսելաձեն:
Նախարարը շեշտեց վրաց-հայկական միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում 2019 թվականին քննարկված և սահմանված ծրագրի առաջընթացը: Իրակլի Քարսելաձեի խոսքով, արդեն սկսվել են մի քանի նոր կամուրջների շինարարություն, ճանապարհների հատվածների վերականգնում և, որ ամենակարևորն է, մշակվել են Ռուսթավի-Ալգեթի-Արաֆլո-Սադախլո ճանապարհի 50 կմ չորս գոտուց բաղկացած մայրուղու կառուցման նախագծային փաստաթղթերը:
«Բարեկամության կամրջի» մի մասը լինելու է Վրաստանի տարածքում, մյուս մասը՝ Հայաստանի տարածքում: Կողմերը կիսել են ֆինանսավորումը. EBRD-ի վարկի 50%-ը վճարելու է Հայաստանը, մնացած 50%-ը՝ Վրաստանը: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշել է, որ ինքը ուրախ է ծրագրի ակտիվ փուլով՝ չնայած համաճարակին և տարածաշրջանում պատերազմական իրավիճակի հետ կապված դժվարություններին:
«Բեռնափոխադրումների զարգացումը ռազմավարական առումով կարևոր է մեր երկրների համար, և այդ ուղղությամբ, իհարկե, անգնահատելի է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությունը ենթակառուցվածքային նախագծերի իրականացման գործում», – ասաց Սուրեն Պապիկյանը:
Համատեղ որոշմամբ ամորտիզացված 1960-ականներին Սադախլո-Բագրատաշենի անցակետի մոտ կառուցված նեղ կամուրջը, որը ամորտիզացված է, կպահպանվի, կամրապնդվի և կծառայի որպես այլընտրանքային ճանապարհ:
Ինչ վերաբերում է նոր, ժամանակակից ստանդարտների ու պարամետրերի կամրջին, դրա գործարկման արդյունքում կնվազի տեղաշարժի ժամանակը և կբարելավվի ճանապարհային անվտանգության որակը ինչպես երկու երկրների քաղաքացիների, այնպես էլ այցելուների և տարանցիկ տրանսպորտային միջոցների համար:
Ըստ Կովկասում EBRD-ի տարածաշրջանային տնօրեն Կատերինա Հանսենի, այս նախագծի տնտեսական օգուտները մեծ են, քանի որ լավ գործող սահմանային անցակետը կնպաստի զբոսաշրջությանը և, համապատասխանաբար, երկու բարեկամ երկրների տնտեսական զարգացմանը:
«Հատկապես հիմա՝ սահմանների փակումից գրեթե մեկ տարի անց, շատ կարևոր է իրականացնել այս նախագիծը: Ես անհամբեր սպասում եմ սահմանների բացմանը, որպեսզի մեզ թույլ տան ճանապարհորդել ինչպես Հայաստան, այնպես էլ Վրաստան: EBRD-ն աջակցում է ենթակառուցվածքների զարգացմանը երկու երկրներում, և մենք շնորհակալ ենք կառավարությունների արդյունավետ համագործակցության համար: Իհարկե, մենք պատրաստ ենք հետագա համագործակցության համար ոչ միայն ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում, այլ նաև ցանկացած ուղղությամբ, որը կօգնի այս երկու երկրների զարգացմանը», – ասաց Կատերինա Հանսենը:
Տեղեկատվությունը տարածում է Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը: