Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար. Մենք կարողացանք ռազմավարական նախաձեռնություն խլել հակառակորդից
Ուկրաինայի Զինված ուժերի հրամանատար Վալերի Զալուժնիի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները կարողացել են թշնամու համար ռազմավարական նախաձեռնությունը խլել։ Զալուժնին այս հայտարարությունն արել է՝ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարների հանդիպման ժամանակ։
Նա ասել է, որ 2014 թվականից հետո Ուկրաինայի ռազմական ղեկավարությունը հասկացել է, որ վաղ թե ուշ սկսվելու է ռուսական լայնածավալ ագրեսիա, որին պատրաստվում էր ուկրաինական բանակը։
«Մենք հստակ գիտեինք, որ առաջին ամիսը շրջադարձային է լինելու։ Մենք հակառակորդից վերցրել ենք ռազմավարական նախաձեռնություն, կրիտիկական կորուստ ենք պատճառել նրանց և ստիպել նրանց հրաժարվել իրենց հիմնական նպատակից՝ գրավել Կիևը», – ասել է Զալուժնին։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարի խոսքով, այսօր ուկրաինացի զինվորականները պարզապես չեն պաշտպանվում:
«Մենք մի քանի հաջող հակագրոհներ ենք իրականացրել։ Մեզ հաջողվեց ապաշրջափակել Խարկովն ու Նիկոլաևը»,- ասել է Զալուժնին։
Նրա խոսքով, Մարիուպոլի պաշտպանները զսպել են ռուսական զինված ուժերի մեծ խումբ, ինչը ժամանակ և հնարավորություն է տվել ուկրաինական բանակին այլ ուղղություններով պաշտպանական դիրքեր կազմակերպելու։
Զալուժնիի խոսքով՝ ուկրաինացի զինվորականները, բացի ռուսական «Մոսկվա» հածանավից, կարողացել են խոցել ևս երեք նավ։ Այնուամենայնիվ, ռուսական բանակը շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել, որոնց ինտենսիվությունը բավականին բարձր է և միջինը 10-14 բալիստիկ հրթիռ է 24 ժամում։
«Սա սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ ՆԱՏՕ-ի երկրների համար։ Յուրաքանչյուր այդպիսի հրթիռը համարժեք է 400-600 կիլոգրամ տրոտիլի։ Ուստի կարևոր է հակահրթիռային պաշտպանության ուժեղացումը», – ասել է Զալուժնին։