Ուկրաինական լրատվամիջոցներ՝ Մոնակոյում բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի գործով կասկածյալ կնոջ դին հայտնաբերվել է Կիևի մերձակայքում
Մոնակոյում ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևի սպանության փորձի մեջ կասկածվող կնոջ դիակը գտել են Կիևի մերձակայքում։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կնոջ մարմինը հայտնաբերվել է մոտավորապես ժամը 23:00-ին՝ թաղված վիճակում։ Աղբյուրների համաձայն՝ կնոջը սպանել են։ Նա Ուկրաինայի սահմաններից դուրս է գտնվել 2025 թվականի մարտի 22-ից մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։
Իրավապահ մարմինների մեկ այլ աղբյուր հայտնել է, որ գործով արդեն երկու կասկածյալ է ձերբակալվել։ Նրանցից մեկը Գլխավոր հետախուզական վարչության գործող աշխատակից է, իսկ մյուսը՝ իրավապահ մարմինների նախկին աշխատակից։
Հունիսի 29-ին Մոնակոյում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն երեք մարդ էր տուժել, այդ թվում՝ պատժամիջոցների տակ գտնվող ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևը։
Հուլիսի 3-ին Ինտերպոլը պաշտոնապես հետախուզում էր հայտարարել Ուկրաինայի քաղաքացի Անաստասիա Բերեզովսկայայի նկատմամբ։ Նա կասկածվում է Մոնակոյում պայթուցիկ սարք տեղադրելու մեջ, որի պայթյունի հետևանքով վիրավորվել են պատժամիջոցների ենթարկված գործարար Վադիմ Երմոլաևն ու նրա ընտանիքի անդամները։ Հուլիսի 4-ին Երմոլաևը գիտակցության է եկել և դուրս եկել կոմայից։ Մոնակոյում տեղի ունեցած պայթյունից հետո նրա բուժման գործընթացը շարունակվում է։