Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսները ռմբակոծել են Բախմուտի մոտ գտնվող բնակելի տուն, առնվազն վեց մարդ է զոհվել
Ռուսները ռմբակոծել են Բախմուտ քաղաքի մոտ գտնվող Չասով Յարիշ գյուղի հինգհարկանի բնակելի շենքը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ առնվազն վեց մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Բացի այդ, առնվազն 34 մարդ գտնվում է տան փլատակների տակ։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Տան երկու մուտքերն ամբողջությամբ քանդվել են։ Փրկարարներն աշխատում են տեղում՝ փորձելով փրկել փլատակների տակ գտնվող մարդկանց։ Տեղացիների խոսքով՝ այնտեղ հավանաբար 34 մարդ կա, այդ թվում՝ 9-ամյա երեխա»,- գրել է Դոնեցկի նահանգապետ Պավել Կիրիլենկոն։
Նրա խոսքով՝ փրկարարներին հաջողվել է կապ հաստատել փլատակների տակ գտնվող երկու անձի հետ։ Պավել Կիրիլենկոն ասում է, որ հինգհարկանի բնակելի շենքը խոցվել է ռուսական «Ուրագան» հրթիռներով։