Ով է Աբու Բաքր ալ-Բաղդադին. «Բի Բի Սի»
Ով է Աբու Բաքր ալ-Բաղդադին. «Բի Բի Սի»

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկն է, որին որոնում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները:

2011 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի իշխանությունները Ալ-Բաղդադիին պաշտոնապես հայտարարեցին որպես ահաբեկիչ և նրա գտնվելու վայրի մասին լրատվություն հաղորդելու համար հաստատել էին 10 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար:

Ալ-Բաղդադին բնութագրվում է որպես լավ կազմակերպված հրամանատար, ով լավ է տիրապետում պատերազմի մարտավարությանը:

Ըստ BBC-ի, նա ծնվել է 1971 թվականին Իրաքի մայրաքաղաքից հյուսիս ընկած Սամարա քաղաքում և նրա իսկական անունն է Իբրահիմ Ավադ Ալ-Բադրին:

Տարածված լրատվությամբ, 2003 թվականին Ալ-Բաղդադին ծառայել է իրաքյան մզկիթներից մեկում: Շատերը կարծում են, որ նա դեռ  Սադամ Հուսեյնի օրոք «Ջիհադի» հետևորդն էր: Երկրորդ վարկածի համաձայն, նրա ծայրահեղականությունը առաջացել է այն բանից հետո, ինչ ամերիկացի զինվորականները ձերբակալել էին նրան և մի քանի տարի պահել Իրաքի հարավում գտնվող ԱՄՆ-ի `Քեմփ Բուկա բազայում, որտեղ նույնպես գտնվում էին «Ալ-Քաիդայի» հրամանատարները:

2010 թվականին Ալ-Բաղդադին դառել է Իրաքում Ալ-Քաիդայի առաջնորդը: Ավելի ուշ նա մտել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում: Ալ-Բաղդադի ազդեցությունը մեծացել է այն բանից հետո, ինչ  Սիրիայում մեկ այլ ահաբեկչական խմբավորման «Ալ Նուսրայի» հետ բանակցություններ են վարել միավորվելու նպատակով:

Ալ-Բաղդադին միջազգային լրատվամիջոցներում հայտնվեց 2019-ին, երբ «Իսլամական պետությունը» հրապարակեց նրա ելույթի տեսագրությունը: Ավելի վաղ, նա մամուլում հայտնվել էր 2014 թվականին, երբ Ալ-Բաղդադին Իրաքի Մոսուլ քաղաքից դիմել է աջակիցներին և կոչ արել պետություն ստեղծել Սիրիայում և Իրաքում:

«Ռոյթերսի» լրատվությամբ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Աբու Բաքր Ալ-Բաղդադիի սպանությունը: Նրա խոսքով «Իսլամական պետության» առաջնորդը սպանվել է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված գրոհի ժամանակ:

Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Աբու Բաքր Ալ-Բաղդադին սպանվել է Իդլիբում և այդ մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը այսօր անելու է պաշտոնական հայտարարություն: Ասուլիսը Սպիտակ տանը սկսվելու է ժամը 17: 00-ին:

Ավելի վաղ, Իրանի կառավարությունում ասել էին, որ Սիրիայի կառավարության անդամները հաստատել են «Իսլամական պետության» ղեկավարի սպանության հարցը: