Ոստիկանությունը Գլդանիում խմբակային բռնության դեպքի առթիվ վեց հոգու է ձերբակալել
Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Գլդանի-Նաձալադևի գլխավոր բաժանմունքի աշխատակիցները Թբիլիսիի դատախազության աշխատակիցների հետ միասին երկու և ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալել են վեց անձի՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում։
Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածներն են՝ 1988 թվականին ծնված Է.Չ., 1996 թվականին ծնված Տ.Խ., 1988 թվականին ծնված Գ.Ք., 1989 թվականին ծնված Լ.Ա., 1997 թվականին ծնված Մ.Ս. եւ 1994 թվականին ծնված Բ.Ա.: Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա սեպտեմբերի 22-ին Գլդանիում ամբաստանյալները մարմնական վնասվածքներ են հասցրել Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատգամավորներից մեկին և նրա ուղեկիցներին, որից հետո թաքնվել են դեպքի վայրից։
Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները ձերբակալել են հանցագործության մասնակից 6 անձի։ Երկու և ավելի անձանց նկատմամբ խմբակային բռնություն գործադրելու փաստի առթիվ քննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին պրիմ մասի «բ» և «գ» ենթակետերով։
Նշենք, որ տուժածների ընկերներն ու կուսակիցները բռնության ծանուցման հիման վրա դեպքի վայր ժամանած իրավապահների աշխատանքը խոչընդոտել են, բանավոր և ֆիզիկապես վիրավորել և դիմադրություն ցույց տվել։ Վարչական վարույթ է հարուցվել նաև այն անձանց նկատմամբ, ովքեր ծառայողական պարտականությունները կատարելիս խոչընդոտել և դիմադրել են իրավապահներին։
Առերեսման հետևանքով ոստիկանության ծառայողները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։