Որ դեպքում դիմորդը կհեռացվի քննությունից - նախարարության մեկնաբանությունը
Առողջապահության նախարարությունը հրապարակել է հանձնարարականներ, որ դեպքում դիմորդները կհեռացվեն միասնական քննություններից:
Ըստ հանձնարարականի, եթե քննություն հանձնող անձը քննության նախօրեին կունենա բարձր ջերմություն, նա պետք է անցնի «PCR» թեստավորում և ներկայացնի տեղեկանք, որ կորոնավիրուսով վարակված չէ: Ինչպես նաև, եթե ունի քրոնիկ ջերմություն, պետք է այդ մասին ներկայացնի տեղեկանք:
Առողջապահության նախարարության կայքէջում հրապարակվել են կորոնավիրուսի հետ կապված հանձնարարականները՝ Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կողմից կազմակերպված քննությունների համար: Ըստ հանձնարարականի, եթե դիմորդն ունի 37 կամ 37 աստիճանից ավել ջերմություն, նա պետք է ջերմաչափվի և եթե ունենա մինչև 37.5 աստիճան ջերմություն և 2-3 օր առաջ անցել է «PCR» թեստավորում և պատասխանը եղել է բացասական, նա սովորական ձևով այլոց հետ կհանձնի քննություն ընդհանուր սրահում: Եթե դիմորդը 2-3 օր առաջ չի անցել «PCR» թեստավորում, ապա նրա քննությանը մասնակցելու հարցը կորոշի բժիշկը:
Եթե քննություն հանձնող անձը ունի ավելի քան 37.5 աստիճան ջերմություն և վերջին 2-3 օրում չի անցել «PCR» թեստավորում, նա հեռացվում է քննությունից և պետք է դիմի բժիշկին:
2020 թվականի միասնական ազգային քննությունները դիմորդների համար կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին, իսկ մագիստրոսային քննությունները կանցկացվեն օգոստոսի մեկից մինչև 4-ը ներառյալ: