Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանը համեմատում է ագահ ալիգատորի հետ և ասում, որ Մոսկվան բանակցություններ չի ցանկանում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռուսաստանը համեմատում է ագահ ալիգատորի հետ և ասում, որ Մոսկվան բանակցություններ չի ցանկանում։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նա ասել է Սլովենիայում ռազմավարական ֆորումի մասնակիցների առջև ելույթ ունենալիս։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան ցանկանում է վերադարձնել իր տարածքները, և այս գործընթացը կարող է տարբեր լինել։
«Սակայն ցանկացած բանակցությունների համար երկու կողմերն էլ պետք է պատրաստ լինեն։ Սա Ռուսաստանի իշխանության հերթական հրապարակային սուտն է։ Նրանք պատրաստ չեն բանակցել, չեն ուզում։ Նրանց ընկալմամբ՝ բանակցությունները վերջնագիր են, որում մենք պետք է ընդունենք, որ Դոնբասը և Ղրիմը ռուսական տարածքներ են»,- ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Զելենսկու խոսքով՝ ռուսներն արդեն հրապարակայնորեն խոսում են այն մասին, որ Ուկրաինան նույնպես պետք է ճանաչի ժամանակավորապես օկուպացված տարածքները Ուկրաինայի հարավում որպես ռուսական տարածքներ այն բանից հետո, երբ այնտեղ կանցկացվեն այսպես կոչված հանրաքվեներ: Զելենսկին Ռուսաստանին անվանել է «ագահ ալիգատոր»:
«Իրենց հետ ոնց խոսես, մի կես տարուց էլի կգան մեր մյուս տարածք։ Ցանկանում եմ, որ դուք բոլորդ դա գիտակցեք մեզ հետ միասին»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ պետք է գիտակցել, որ իրականում Ռուսաստանն այնքան էլ ուժեղ ու հզոր չէ։
«Մենք պետք է մոռանանք այս մեծ պետականության մասին լեգենդը։ Մենք դա ցույց կտանք մարտի դաշտում»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։