Վոլոդիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային նշանակել է ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հարցերով հատուկ ներկայացուցիչ

15:59, 17.07.2025

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օլգա Ստեֆանիշինային նշանակել է ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հարցերով Ուկրաինայի նախագահի հատուկ ներկայացուցիչ։

Վոլոդիմիր Զելենսկին այս մասին գրել է սոցիալական ցանցերում։

«Ես ստորագրել եմ Օլգա Ստեֆանիշինային ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր», – գրել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ այս պաշտոնում Օլգա Ստեֆանիշինան կաշխատի պահպանել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում թափը մինչև ամերիկյան կողմի կողմից Ուկրաինայի դեսպանի պաշտոնում նրա թեկնածությունը պաշտոնապես հաստատելը։

«Ես շնորհակալ եմ Օլգային եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման ուղղությամբ նրա աշխատանքի համար։ Դա հաջողված աշխատանք էր», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին։

Ավելի վաղ Օլգա Ստեֆանիշինան հաստատել էր, որ լքում է Ուկրաինայի կառավարությունը։ Օլգա Ստեֆանիշինան զբաղեցնում էր եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնները։

Նմանատիպ