Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Գերմանիայի և Նորվեգիայի խորհրդարանների նախագահների հետ

19:55, 08.05.2022

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Գերմանիայի և Նորվեգիայի խորհրդարանների նախագահների հետ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Բունդեսթագի նախագահի հետ հանդիպման ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին քննարկել է Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված հետագա օգնությունը, ինչպես նաև ռուս ագրեսորի դեմ պատժամիջոցների խստացումը։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ակնկալում է Գերմանիայից ամենաուժեղ և վստահ առաջնորդություն՝ օգնելու ռուս ագրեսորի դեմ պայքարում։

Ըստ լրատվամիջոցների՝ նախագահը շնորհակալություն է հայտնել Գերմանիային ուկրաինական տնտեսությանը ֆինանսական աջակցության համար և Գերմանիային կոչ է արել առաջատար դեր խաղալ ռուսական բանակի կողմից Ուկրաինայի ավերված տարածքների վերականգնման գործում։

Ըստ լրատվամիջոցների՝ Բարբել Բասը շնորհակալություն է հայտնել Վոլոդիմիր Զելենսկիին հանդիպման համար և նշել, որ իր համար շատ կարևոր է մայիսի 8-ին լինել Ուկրաինայում, քանի որ հնարավորություն ունի հարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը։

Նորվեգիայի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել նորվեգական հանրությանը պատերազմի առաջին իսկ օրվանից ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։

Իր հերթին Մասուդ Գարախանն ասել է, որ անհանգստացած է ռուսական օկուպացիայի հետևանքներով, որոնք նա տեսել է Կիևի մարզում, Իրպենում և Բուչայում:

«Ուզում եմ ձեզ վերահաստատել, որ Նորվեգիան միշտ եղել է Ուկրաինայի կողքին»,- ասել է նա։

Կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգությանը Նորվեգիայի աջակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետագա ամրապնդումը։

Նմանատիպ