Վոլոդիմիր Զելենսկին հայտարարում է, որ թուրքական նավի վրա, որը հացահատիկ էր փոխադրում, երկու ռուսական անօդաչուով հարձակում է իրականացվել

19:07, 05.10.2026

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարությամբ՝ թուրքական նավի վրա, որը հացահատիկ էր փոխադրում, երկու ռուսական անօդաչու թռչող սարքով հարձակում է իրականացվել: Նրա խոսքով՝ նավը չեզոք ջրերում եգիպտացորեն էր փոխադրում, երբ ենթարկվել է հարվածի:

«Չեզոք ջրերում քաղաքացիական նավի վրա, որը եգիպտացորեն էր փոխադրում և պատկանում էր Թուրքիային, երկու ռուսական անօդաչուով սարսափելի հարված է հասցվել: Նավի վրա Ադրբեջանի և Հնդկաստանի քաղաքացիներ են գտնվել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ինչպես նշում է Վոլոդիմիր Զելենսկին, այս պահի դրությամբ հայտնի է, որ նավապետը զոհվել է, իսկ ևս մեկ անձի վիճակը ճշտվում է: Նրա խոսքով՝ անձնակազմի 11 անդամի հաջողվել է փրկել, սակայն նրանցից մեկը վիրավոր է:

«Ուկրաինան արդեն բազմիցս առաջարկել է կոնկրետ քայլեր դեէսկալացիայի և Սև ծովում անվտանգության ապահովման նպատակով: Համապատասխան առաջարկներ եղել են նաև երրորդ երկրների կողմից: Այնուամենայնիվ, Ռուսաստանը, նորմալ նավագնացության փոխարեն, մշտապես ընտրում է ահաբեկչությունն ու քաղաքացիական նավերի խորտակումը: Անհրաժեշտ է ճնշում գործադրել, որպեսզի վերականգնվի պարենային գլոբալ անվտանգությունը: Եվ բոլորը, ովքեր իսկապես շահագրգռված են դրանում, պետք է իրենց ներդրումն ունենան այս գործընթացում»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի վաղ «Ռոյթերսը», հղում անելով Ռումինիայի իշխանություններին, տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Սև ծովում՝ Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, թուրքական նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ 11-ին հաջողվել է փրկել: Ռումինիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նավը խորտակման վտանգի առջև էր:

Նմանատիպ