Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մանիլայում հանդիպել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերի հետ։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆիլիպինների նախագահին՝ ուկրաինական տարածքներ Ռուսաստանի ներխուժման վերաբերյալ աջակցության և «հստակ դիրքորոշման» համար։
«Շնորհակալություն այս հրավերի համար։ Մենք շատ երախտապարտ ենք ձեր երկրում գտնվելու համար, որն աջակցում է Ուկրաինային, մեր տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- ասել է Զելենսկին Մարկոսին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան այս տարի դեսպանատուն կբացի Մանիլայում։ Ուկրաինայի նախագահը հայտնում է, որ Մարկոսի հետ քննարկել է «Խաղաղության գագաթնաժողովը», որը տեղի կունենա հունիսի 15-16-ը Շվեյցարիայում՝ Ուկրաինայի նախաձեռնությամբ, որին մոտ 100 այլ երկրների հետ կմասնակցի Ֆիլիպինները։
Բացի այդ, առաջնորդները խոսել են երկկողմ համագործակցության մասին, մասնավորապես, ուկրաինական գյուղմթերքի արտահանման մասին Ֆիլիպիններ։