Վոլոդիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփին խնդրում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ՝ «Starlink»-ի անալոգի ստեղծման պատճառով
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ՝ «Starlink»-ի անալոգի ստեղծման պատճառով: Տեղեկությունը տարածում է «Financial Times»-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Զելենսկին Թրամփին խնդրել է պատժամիջոցներ սահմանել կոնկրետ այն ռուսական և չինական ընկերությունների դեմ, որոնք, նրա խոսքով, ներգրավված են Իլոն Մասկի «Starlink»-ի հետ մրցակցող արբանյակային ցանցի ստեղծման գործում:
«Մենք գիտենք, որ Չինաստանը աշխատում է արբանյակների վրա, իսկ Ռուսաստանը աշխատում է «Starlink»-ի անալոգի ստեղծմանն աջակցելու հնարավորության ուղղությամբ»,- հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Թրամփին մի քանի անգամ խնդրել է պատժամիջոցներ կիրառել այդ գործընթացում ներգրավված կազմակերպությունների նկատմամբ: Այդ թվում՝ անցյալ ամիս, երբ Նյու Յորքում հանդիպել է նրան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում: