Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ ռուս զինվորականներն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան հարյուր հրթիռ և մոտ հարյուր անօդաչու թռչող սարք
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ ռուս զինվորականներն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան հարյուր հրթիռ և մոտ հարյուր անօդաչու թռչող սարք։
Այս մասին Ուկրաինայի նախագահը խոսել է հատուկ տեսաուղերձում։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի կողմից այսօր առավոտյան հասցված հարվածը ամենախոշորներից էր պատերազմի ընթացքում, և Ռուսաստանը օգտագործել է ավելի քան հարյուր տարբեր տեսակի հրթիռներ և մոտ հարյուր «կամիկաձե» անօդաչու թռչող սարքեր։
«Ինչպես Ռուսաստանի նախորդ հարձակումների մեծ մասը, այս հարձակումը նույնպես ուղղված է եղել կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով, հարձակման հետևանքով տուժել են բազմաթիվ էներգետիկ օբյեկտներ, սակայն, ըստ նրա, վերականգնման աշխատանքներն արդեն ընթանում են ամենուր, որտեղ անհրաժեշտ է եղել անջատել էլեկտրաէներգիան։
Զելենսկին հավելել է, որ Վլադիմիր Պուտինը «կարող է անել միայն այն, ինչ իրեն թույլ է տալիս աշխարհը։ Թուլությունը, անբավարար որոշումներն ու պատասխանները սարսափ են սնուցում»:
Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի բոլոր առաջնորդները, բոլոր գործընկերները գիտեն, թե ինչ որոշումներ են անհրաժեշտ պատերազմը դադարեցնելու և դա արդարացիորեն անելու համար։
Տեղեկության համար՝ օգոստոսի 26-ի առավոտյան Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա։ Արդյունքում, վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է հինգի։ Ռուսական հարձակումը հանգեցրել է զոհերի Ժիտոմիրի, Վոլինի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի և Զապորոժիայի շրջաններում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հարձակման թիրախը եղել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ իրենք «զանգվածային խմբակային հարձակում են իրականացրել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա, որոնք ապահովել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունը»։