Վոլոդիմիր Զելենսկի. Եվրոպական երկրները իսկապես ցանկանում են խաղաղության հասնել, ցավոք, մենք դեռևս չենք տեսնում ազդանշաններ Ռուսաստանից, որ նրանք նույնպես ցանկանում են դադարեցնել պատերազմը
Այսօր մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Ֆրանսիան և այլ եվրոպական երկրներ իսկապես ցանկանում են խաղաղության հասնել։ Ցավոք, մենք դեռևս չենք տեսնում ազդանշաններ Ռուսաստանից, որ նրանք նույնպես ցանկանում են դադարեցնել պատերազմը, Փարիզում լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես վստահ եմ, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ մեր դաշինքը կօգնի մեզ մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ այս դժվարին հարցի դիվանագիտական լուծման ուղղությամբ շարժվելու համար, որը այդքան կարևոր է Ուկրաինայում խաղաղության համար», – նշել է Զելենսկին։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային SAMP-T հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար։
«Այսօր մենք երկկողմ հանդիպում կունենանք մեր թիմերի հետ, իսկ վաղը՝ «Կամավորների կոալիցիայի» հանդիպում, որի արդյունքում, չգիտեմ՝ որ օրը, բայց դա անպայման տեղի կունենա. մենք կստանանք Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ», – ասաց Զելենսկին։
Տեղեկատվության համար՝ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա՝ մասնակցելու «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը, որը վաղը կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Դրան կմասնակցեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։