Վոլոդիմիր Զելենսկի. Ես շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, գնահատում եմ նրա հավատարմությունը «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը, որը կարող է արդար խաղաղություն բերել Ուկրաինային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ինչպես սոցցանցում գրառել է Ուկրաինայի նախագահը, անհամբեր սպասում է հզոր Ամերիկայի դարաշրջանին՝ նախագահ Դոնալդ Թրամփի վճռական ղեկավարությամբ։
Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ անհամբեր սպասում է Թրամփի հետ հանդիպմանը՝ քննարկելու ԱՄՆ-Ուկրաինա ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները։
«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Հիշում եմ սեպտեմբերյան մեր հիանալի հանդիպումը, երբ մենք մանրամասն քննարկեցինք Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը, հաղթանակի ծրագիրը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան դադարեցնելու ուղիները։
Ես բարձր եմ գնահատում նախագահ Թրամփի հավատարմությունը համաշխարհային գործերին «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը: Սա հենց այն սկզբունքն է, որը գործնականում կարող է արդար խաղաղություն բերել Ուկրաինային։ Հուսով եմ՝ մենք դա կանենք միասին։
Մենք անհամբեր սպասում ենք հզոր Ամերիկայի դարաշրջանին՝ նախագահ Թրամփի վճռական ղեկավարությամբ: Մենք ակնկալում ենք Միացյալ Նահանգների շարունակական երկկուսակցական աջակցությունն Ուկրաինային:
Մենք շահագրգռված ենք զարգացնել փոխշահավետ քաղաքական և տնտեսական համագործակցությունը, որը օգուտ կբերի մեր երկու ժողովուրդներին։ Ուկրաինան, որպես Եվրոպայի ամենաուժեղ ռազմական տերություններից մեկը, հավատարիմ է Եվրոպայում և Անդրատլանտյան համայնքում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովմանը մեր դաշնակիցների աջակցությամբ:
Անհամբեր սպասում եմ անձամբ շնորհավորելու նախագահ Թրամփին և քննարկելու ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության ամրապնդման ուղիները»,- գրել է Վոլոդիմիր Զելենսկին։