Վոլոդիմիր Զելենսկի – Ուկրաինան Թուրքիային դիտարկում է որպես գործընկեր անվտանգության երաշխիքների տեսանկյունից, Կիևը պատրաստ է երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել

12:45, 14.03.2025

Ուկրաինան Թուրքիային դիտարկում է որպես գործընկեր անվտանգության երաշխիքների տեսանկյունից։ Կիևը պատրաստ է ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր պետությունների միջև, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, անօդաչու սարքերի արտադրության ոլորտում համագործակցությունը և Ուկրաինայի վերականգնման գործում թուրքական ընկերությունների ներգրավվածությունը։

«Կարևոր է, որ թուրքական բիզնեսն արդեն ներկայացված է Ուկրաինայում։ Մեր երկիրը գնահատում է դա, ինչպես նաև Թուրքիայի աջակցությունն ու օգնությունը, հատկապես «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։

Ուկրաինան Թուրքիային համարում է իր ռազմավարական գործընկերներից մեկը, ինչպես նաև անվտանգության երաշխիքների տեսանկյունից գործընկեր և պատրաստ է ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր Թուրքիայի հետ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցի ժամանակ», – նշել է Վոլոդիմիր Զելենսկին, սակայն չի հստակեցրել, թե երբ տեղի կունենա այդ այցը։

Բացի այդ, Օմեր Բոլաթը և Իբրահիմ Յումաքլին մասնակցել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը, որը նվիրված էր հետպատերազմյան վերականգնման հարցերին։

Նմանատիպ