Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան չի հաղթի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի օգնությունը
Վոլոդիմիր Զելենսկի. Ուկրաինան չի հաղթի, եթե ԱՄՆ-ը դադարեցնի օգնությունը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը դադարի օգնել Ուկրաինային, ապա Ուկրաինան չի հաղթի։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է «Associated Press»-ին տված հարցազրույցում։

«ԱՄՆ-ն իրականում գիտակցում է, որ եթե դադարեն մեզ օգնել, մենք չենք հաղթի»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով, Ուկրաինայի ցանկացած ձախողում պատերազմի այս փուլում կարող է հանգեցնել աղետալի արդյունքների։

«Մենք չպետք է պարտվենք այս ճանապարհին, քանի որ պատերազմը հաղթանակների արդյունքում ստացվող տորթն է։ Փոքր հաղթանակներ, փոքր քայլեր»,- ասում է Զելենսկին։

Նույն հարցազրույցում Զելենսկին ենթադրում է, որ Բախմուտ քաղաքի համար մղվող ճակատամարտում պարտվելու դեպքում իր վրա ճնշումը կավելանա ինչպես միջազգային հանրության կողմից, այնպես էլ երկրի ներսում։ Նրա խոսքով՝ «Պուտինն այս հաղթանակը կվաճառի Արեւմուտքին, սեփական հասարակությանը, Չինաստանին ու Իրանին»։

«Մեր հասարակությունը հոգնածություն կզգա։ Մեր հասարակությունն ինձ դրդում է փոխզիջման գնալ նրանց հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Associated Press»-ին տված հարցազրույցում Զելենսկին խոսել է Չինաստանի մասին և այդ երկրի ղեկավար Սի Ձինփինին հրավիրել Ուկրաինա։

«Մենք պատրաստ ենք նրան այստեղ տեսնել։ Ես ուզում եմ խոսել նրա հետ։ Ես նրա հետ շփվել եմ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից առաջ, սակայն այս տարի նրա հետ շփում չեմ ունեցել»,- ասել է Զելենսկին։